Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
AFP գործակալության փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրը կատարվածի պատասխանատվությունը վերագրել է եմենյան հուսիներին, որոնք հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։
Զոհերի թվում են Սաուդյան Արաբիայի չորս, Բանգլադեշի երկու և ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի ու Սուդանի մեկական քաղաքացի։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։
Reuters-ի տվյալներով՝ սա մեկ շաբաթվա ընթացքում օդանավակայանի վրա իրականացված արդեն երրորդ հարձակումն է։ Նախորդ երկու հարձակումների հետևանքով չորս մարդ էր զոհվել, իսկ Սաուդյան Արաբիայի առևտրային ինքնաթիռը լուրջ վնասներ էր կրել։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցները գերծանրաբեռնված են եղել, իսկ վիրավորներին տեղափոխել են շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռներով։ Հարձակման մասին նախազգուշացում չի եղել, և Սաուդյան Արաբիայի վտանգների մասին ծանուցման համակարգը չի գործել։
Շաբաթօրյա հարձակումից հետո բոլոր չվերթներն ուղղվել են Էր Ռիադից դեպի այլ օդանավակայաններ։ Մոտ 8 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը սպասարկող օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Հուսիները X սոցիալական ցանցում հայտարարել են, որ ինքնաթիռները պետք է խուսափեն Սաուդյան Արաբիայի օդային տարածքից՝ այն հռչակելով «ռազմական գործողությունների գոտի»։