Մոնթե Հայրապետյանը չէր որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն գիտեր՝ Կովսականի տերն է մնալու

Քաջ կոչվում է նա, ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը։

Արիստոտել

Մոնթե Հայրապետյանն Արցախյան վերջին պատերազմի հազարավոր անմահ հերոսներից է, որն Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Պարգևը 2021 թ. օգոստոսի 25-ին ծնողների ծննդավայր Քարագլուխ գյուղում հանձնվեց՝ հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ… Գյուղի հանգստարանում է հուղարկավորված։ Հարևանությամբ դարձյալ Կովսականում մեծացած ու 2020 թ. հոկտեմբերի 12-ին հերոսաբար մարտիրոսված Էրիկ Գաբրիելի Սայադյանի շիրիմն է։

Կովսականի միջնակարգ դպրոցը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր։ Դպրոցի մուտքի մոտ հերոսի քարե կիսանդրին էր, և յուրաքանչյուր օր դպրոցականներն առաջինը «ողջունում» էին Մեծն Թաթուլին։ Թեկուզ մարտիրոս, Թաթուլը նաև այստեղ էր՝ Կովսականում սահմանապահ։ Հերոսի անունով էր կոչվում նաև քաղաքում գործող ազգագրական երգի ու պարի համույթը՝ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Թաթուլն իր հերոսությամբ բոլորին էր ոգեշնչել, առանձնապես կովսականցի դպրոցականներին, երիտասարդներին։

Այս դպրոցում սկսեց իր կրթությունը և միջնակարգն ավարտեց կովսականցի Մոնթե Ավետիքի Հայրապետյանը։ Լավ էր սովորում, մասնակցում էր դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հատկապես սիրում էր խաղալ թատերական ներկայացումներում և՝ հերոսների դերեր։

2015 թ. նոյեմբերին դպրոցում ներկա եղա Մուրացանի «Ռուզան» դրամայի բեմականացմանը։ Դերակատարները կրթօջախի սաներն էին։ Կապուտաչյա Մոնթեն կարծես իր կերպարում էր, խաղում էր հայ իշխաններից մեկի դերը։ Դասասենյակում, որտեղ տեղի ունեցավ ներկայացումը, ծնողներն էին, ուսուցիչներ, աշակերտներ։ Շատ լավ խաղացին մեր աշակերտները, և բոլորն էին հուզված, բարձր տրամադրությամբ։

Զրուցեցի դերասան-աշակերտների, նաև Մոնթեի հետ։ Սիրում էին իրենց քաղաքը և պատրաստ տեր կանգնելու նրան բոլոր ժամանակներում։ Մոնթեն չէր որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն գիտեր՝ Կովսականի տերն է մնալու։

Նաև զբաղվում էր ձյուդոյով։ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի (տնօրեն՝ Գոռ Մանուկյան), հետագայում՝ մանկապատանեկան դպրոցի (տնօրեն՝ Կարինե Մովսեսյան), Կովսականի մասնաճյուղի մարզիչ, այժմ երջանկահիշատակ Տարոն Պողոսյանի սանը շրջանային ու հանրապետական (նաև՝ ՀՀ-ում) մրցումների էր մասնակցել, հաճախ դարձել հաղթող կամ մրցանակակիր։ Ձյուդոյի նույն խմբում էր պարապում նաև կովսականցի Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանը՝ ժամկետային զինծառայող, ով նահատակվեց Արցախյան վերջին պատերազմում, հուղարկավորված է Վայոց ձորի Զառիթափ գյուղում՝ ծնողների ծննդավայրում։

Ձյուդոյի մրցումներին նույնպես ներկա եմ եղել, լուսաբանել դրանք։ Դարձյալ աչքի էր ընկնում Մոնթեն՝ մրցակիցների (մտերիմ ընկերների) հետ մրցապայքարում։ Մրցակից ու հարազատ ընկերն էր նաև Աշոտը Կոստանյանը՝ ծնված 1998 թ. Վուրգավան գյուղում։ Նա նույնպես հերոսաբար զոհվեց 2020 թ. հոկտեմբերի 3-ին։

Մոնթեն ծնվել է 1999 թ. մայիսի 19-ին, Կովսական քաղաքում։ Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային այս քաղաք էին եկել Վայոց ձորի Քարագլուխ գյուղից։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2017-ին, զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել բարեխիղճ ու նվիրված։ Պատահական չէ, որ ինչպես դպրոցում էր արժանանում պատվոգրերի, գովասանագրերի, շնորհակալագրերի, այնպես էլ՝ ծառայության ընթացքում։

Մի անգամ երջանկահիշատակ, Արցախյան վերջին պատերազմում նահատակված երգիչ Գևորգ Հաջյանի հետ եղանք Մոնթեենց տանը։ Գևորգը մեկ շաբաթ մնաց Կովսականում և տարածքի երեխաների համար Կոմիտասին նվիրված դասընթացներ էր կազմակերպում։ Մոնթեի հայրը՝ Ավետիքը, եղբայրը՝ Ահարոնը (Կովսականի քաղաքապետարանի ակումբավար), հպարտորեն էին խոսում Մոնթեի մասին, երբ ծառայում էր բանակում։

Բանակից վերադառնալուց հետո զբաղված էր ընտանիքին օգնելով, իրենց տնտեսությունը զարգացնելով։ Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն առաջնագիծ տարավ նաև հազարից ավելի քաշաթաղցիների՝ զորակոչով ու կամավոր, աշխարհազորով, չհաշված 200-ից ավելի ժամկետային զինծառայողները։

Մոնթեն էլ հենց առաջին օրը զորահավաքով, որպես պահեստազորային, հասավ առաջնագիծ՝ Ջրական։ Այդ օրերին ամենաթեժ մարտերն էին մղվում այս ուղղությամբ։ Առաջին, երկրորդ, երրորդ օրերին արդեն լսում էինք նաև քաշաթաղցի նահատակների ու վիրավորների մասին։

Ջրականի 21-րդ մարտական հենակետում էր հայրենի սահմանը պահում Մոնթեն։ «Նարինջ 1»-ը տարածքի կարևոր դիրքերից էր, որն էլ մարտական ջոկատի կազմում պաշտպանում էր Մոնթեն։ Չի ենթարկվել «Նահա՛նջ» հրամանին. Կովսականը շատ հեռու չէր այստեղից։ Ասում են՝ մինչև վերջին շունչը կռվում էր մարտադաշտում, դիմադրում իրենցից բազում անգամ ավելի թշնամուն և…

2020 թ. հոկտեմբերի 2-ից քաջորդին համարվում էր անհետ կորած։ Լուրեր էին պտտվում, որ վիրավոր է եղել։ Կար հույս՝ ողջ է, մի օր տուն կգա։ Հույսով սպասում էին հարազատներն ու մտերիմները, ողջ Կովսականը։ Սակայն… Օգոստոսին գտնվեց հերոսի աճյունը, որը, ըստ հարազատների, փետրվարին էր թշնամու կողմից հանձնվել հայկական կողմին։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment