Ծառուկյանին գցելուց, պառկեցնելուց տեսանյութը տալիս են, իսկ ինչո՞ւ հայ ընտանիք մտած, կնոջը կրակած ադրբեջանցուն բռնելուց տեսանյութ չեն տալիս. Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին Շաքիի դեպքերից ամենաշատը զարմացրել է Շաքիի գյուղապետի վարքագիծը։ 

«Այսինքն՝ կինը կարողացել է վնասվածքներով նույնիսկ դանակը վերցնել ու ինքնապաշտպանվել, պաշտպանել իր երեխաներին, իսկ գյուղապետը մի հատ էլ այնքան է փափկացնում, չգիտես՝ ինքը ում շահերն է սպասարկում՝ իր գյուղացո՞ւ, թե՞ ադրբեջանցու։ Ընդ որում՝ չի էլ ասում՝ ադրբեջանցի, ասում է՝ օտարազգի։ Ինքը հաստատ ադրբեջանցի՞ է, թե՞ կարող է այլազգի է։ Լավ, ո՞ւմ շահերից են բխում այսքան մեղմացումները»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն նույնիսկ չի էլ հաղորդել, որ ՀՀ տարածք զինված ադրբեջանցի է մտել, որպեսզի գոնե բնակիչները զգույշ լինեին, Գրիգորյանը պատասխանեց.

«Սա խայտառակություն է։ Հատկապես այդ տարածաշրջանի բնակիչների հետ պետք է աշխատանք իրականացվեր։ Կապը պետք է ապահովվեր, որ բնակիչները դռները փակ պահեին, զգոն լինեին։ Իսկ դա ինչո՞ւ չի արվել, որովհետև սուսուփուս մտադիր էին ադրբեջանցուն վերցնել, հանձնել ու իրենց անվտանգության ու խաղաղության միֆերը չպայթեցնեին»։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ դա ոչ միայն ԱԱԾ-ի, այլև համայնքապետի պարտականությունների մեջ պետք է լիներ.

«Գուցե դա կարող էր համապետական մակարդակով չարվել, բայց տեղում պետք է զգուշացնեին, ուժեղ հսկողություն իրականացնեին, որ այս դեպքը չլիներ։ Իսկ այս պարագայում այս կինը, որ տուժել է ադրբեջանցու հանցավոր գործողություններից, նաև քաղաքական շարժառիթով հետապնդման զոհ է դարձել։ Որովհետև սրա մասին չբարձրաձայնելը, եթե խորանում ենք, միայն քաղաքական շահ է ունեցել, որ այդ խաղաղության կեղծ օրակարգը հանկարծ կասկածի տակ չդրվի»։

Members of the National Assembly representing the ‘Hayastan’ faction Anna Grigoryan, Levon Kocharyan and lawyer Hovhannes Khudoyan gave a press conference at the office of the second President of Armenia. Yerevan, Armenia

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ հարցրեց՝ իսկ տեսանյութեր եղե՞լ են, թե ինչպես են ադրբեջանցուն բռնում։

«Ո՞նց են մեքենա նստեցնում, իսկ ինչո՞ւ չեն եղել։ Միայն ընդդիմադիրներին բռնելուց է պետք՝ երաժշտության տակ, որ պատրաստում են տեսանյութ։ Ես շատ կուզեի տեսնել՝ ինչպես են բռնում, ինչպես են տանում։ Ինչո՞ւ պետք է, երբ Գագիկ Ծառուկյանի տուն որ մտնում են, գետին են գցում, պառկեցնում, այդ ամեն ինչը տան, իսկ մենք չտեսնենք՝ հայ ընտանիք մտած, կնոջն ու երեխաներին պատանդ վերցրած, կրակած ադրբեջանցուն ինչո՞ւ ցույց չեն տալիս՝ ինչպես են բռնում, տանում։ Որովհետև կարող է վնասել իրենց խաղաղության օրակարգին»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովին, որտեղ նախատեսված է ուսումնասիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և առկա խնդիրները՝ Աննա Գրիգորյանն ասաց.

«Մենք նաև նախորդիվ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին չենք մասնակցել։ Այն ժամանակ քաղաքական տրամաբանությունը սա էր՝ մարդիկ, ում օրոք եղել է պատերազմը, իրենք օբյեկտիվորեն չեն կարող քննել իրենց իսկ գործողությունները։ Եվ ճիշտ դուրս եկանք։ Ոչ միայն օբյեկտիվորեն չքննեցին, այլև քննելուց հետո չհրապարակեցին էլ։ Այստեղ ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրականության հարց կա։ ԱԺ-ում չի կարող գոյություն ունենալ նման հանձնաժողով, որովհետև ԱԺ-ի լիազորությունների, իրավասությունների մեջ չի մտնում եկեղեցու ներքին հարցերը քննարկելը, ինչպես վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում։ Հակասահմանադրական որևէ գործընթացի մասնակցելը նպատակահարմար չէ»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ նկատեց, որ իշխանությունները նոր հարթակ են ստեղծում, որտեղ պետք է եկեղեցու նկատմամբ գնա հակաքարոզչություն.

«Սա միայն բխում է մեր թշնամիների շահերից, ոչ թե ՀՀ քաղաքացու»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment