84 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 121 ահազանգ․ ամփոփում

Նոյեմբերի 29-ի ՏԻՆ ընտրություններ․ քվեարկության օրվա նախնական ամփոփում՝ ժամը 20։00-ի դրությամբ

«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։

Ժամը 20։00-ի դրությամբ առաքելության 54 շրջիկ դիտորդները այցելել են 247 ընտրատեղամաս։
Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 84 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 121 ահազանգ։

Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

  • Ընտրատեղամասերի մատչելիություն։ 59 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 57-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 11-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
  • Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն։ 8 ընտրատեղամասի հարակից տարածքներում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, մեկում՝ մարդկանց կուտակումներ քվեարկության սենյակի ներսում։ Հաղորդումներ են ստացվել նաև տեղական ինքնակառավարման մարմնի շենքի և կուսակցական շտաբի հարակից տարածքներում կասկածելի կուտակումների, ինչպես նաև ընտրատեղամասի հարակից տարածքում անձանց տևական ներկայության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ։
  • Ընտրողների ուղղորդում և քվեարկության գաղտնիություն։ Արձանագրվել են ընտրողների ուղղորդման, քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման, ընտրողների կողմից իրենց ընտրությունը բացահայտելու, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրների վերաբերյալ դեպքեր։
  • Ընտանեկան քվեարկություն և ընտրողին օգնելու կարգի խախտումներ։ 5 ընտրատեղամասում արձանագրվել են ընտանեկան քվեարկության, իսկ առնվազն 3 ընտրատեղամասում՝ ընտրողին օգնելու կարգի խախտման դեպքեր։
  • Ընտրողների ցուցակներում ընդգրկման խնդիրներ։ 6 ընտրատեղամասում հաղորդումներ են ստացվել մշտական բնակության պահանջի կիրառման հետևանքով ընտրողների տվյալները հիմնական ցուցակներում սխալմամբ չներառելու վերաբերյալ։
  • Ընտրական ցուցակների փակցման խնդիրներ։ 4 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրողների ցուցակների, իսկ մեկում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։
  • Դիտորդների իրավունքների սահմանափակումներ և դիտորդական գործունեության խոչընդոտումներ։ Առնվազն 10 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանափակել են առաքելության դիտորդների՝ հանձնաժողովի գրանցամատյանի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջն ամբողջությամբ լուսանկարահանելու իրավունքը։
    Արձանագրվել է նաև խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելուց հրաժարվելու 3 դեպք, որոնցից մեկում դիտորդի պահանջը հետագայում բավարարվել է։ Հաղորդումներ են ստացվել նաև դիտորդի՝ ընտրատեղամաս մուտք գործելու և ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց իրավունքների խոչընդոտման վերաբերյալ։
  • Այլ խնդիրներ։ Երկու ընտրատեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ինչպես նաև մեկական ընտրատեղամասում՝ քարոզչական նյութերի առկայության, հանձնաժողովին հյուրասիրության և առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթի քվեարկելու թույլտվության վերաբերյալ դեպքեր։

Առաքելությունն օրվա ընթացքում արդեն իսկ հրապարակել է արձանագրված մի շարք միջադեպերի մանրամասները։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև հետևյալ միջադեպը։

Երվանդաշատի 16/6 ընտրատեղամասում ժամը 18։20-ի սահմաններում դիտորդն արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր։ Քվեախցիկի հետնամասում առկա է եղել ճաղավանդակ, իսկ կողային հատվածում՝ վարագույրներով ծածկված լուսամուտներ, որոնց վարագույրների արանքից հնարավոր է եղել տեսնել ընտրողի կատարած ընտրությունը։

Դիտորդը դիմել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և քարտուղարին՝ պահանջելով խախտման վերաբերյալ իր գնահատականը գրանցել հանձնաժողովի գրանցամատյանում։ Վերջիններս, համաձայն չլինելով դիտորդի գնահատականի հետ, մերժել են նրա պահանջը։ Դիտորդը կազմել է միջադեպի արձանագրություն, որը ստորագրել է նաև նրա գործընկեր դիտորդը։

Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև ընտրողների ազատ կամարտահայտման, քվեարկության գաղտնիության ապահովման, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների կրկնվող սահմանափակումների վերաբերյալ դեպքերը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։ Առաքելությունը հետևում է նաև քվեարկության արդյունքների ամփոփման և աղյուսակավորման գործընթացներին։

Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական։

«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment