ՀՎԿԱԿ․ Ժանտախտ՝ վարակի փոխանցման ուղիները, հիմնական ձևերն ու բուժումը (PAN.am)

Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու՝ «Ռոսպոտրեբնադզորի» հակաժանտախտային ծառայության աշխատակցի մոտ մահ է արձանագրվել՝ ժանտախտի թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալացվել է մոտ 200 մարդ, որոնք շփում են ունեցել տվյալ անձի հետ։

Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես չի հաստատվել, իսկ լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, հայտնում է Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Yersinia pestis մանրէն է։ Վարակի հիմնական բնական պահոցը կրծողներն ու այլ մանր կաթնասուններն են, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։

Վարակը կարող է փոխանցվել մի քանի ճանապարհով։ Տրանսմիսիվ փոխանցումը տեղի է ունենում վարակված լվերի խայթոցի միջոցով։ Կոնտակտային ճանապարհով մարդը կարող է վարակվել վարակված կենդանիների, օրինակ՝ կրծողների կամ ճագարների մորթին ու մսեղիքը մշակելիս կամ նրանց կենսահեղուկների հետ անմիջական շփման հետևանքով։

Օդակաթիլային փոխանցումը հնարավոր է հիվանդի հետ ուղղակի շփման և հարուցիչ պարունակող աէրոզոլի ներշնչման դեպքում։ Ալիմենտար կամ սննդային ճանապարհով վարակումը կարող է տեղի ունենալ հարուցչով վարակված և բավարար ջերմային մշակման չենթարկված կենդանական ծագման սննդամթերքի օգտագործման հետևանքով։

Հիվանդությունն ունի մի քանի հիմնական ձև։

Մաշկային ձևի դեպքում հարուցչի ներթափանցման հատվածում ախտահարվում են մաշկն ու հարակից հյուսվածքները։ Այս ձևը հաճախ վերածվում է բուբոնայինի։

Բուբոնային ձևն ամենատարածվածն է։ Այդ դեպքում ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում և մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների՝ բուբոնների։

Ակնային ձևը հազվադեպ է հանդիպում և զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախտահարման հետևանքով։

Թոքային ձևը համարվում է ամենավտանգավորն ու խիստ վարակիչը։ Այս դեպքում ախտահարվում են թոքերը և զարգանում է ծանր թոքաբորբ։ Բուժման բացակայության կամ այն ժամանակին չիրականացնելու դեպքում մահաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի։

Սեպտիկ ձևի ժամանակ հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում՝ սեպսիս։

Մենինգեալ ձևը հիվանդության առավել ծանր ընթացք ունեցող տեսակներից է։ Այն զարգանում է որպես սեպտիկ կամ թոքային ձևերի բարդություն, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի թաղանթները։

Չնայած ժանտախտի վտանգավորությանը՝ ժամանակին սկսված հակաբիոտիկային բուժումն արդյունավետ է։

Leave a comment