Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և տեղեկություն է հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ։
«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է: Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ադրբեջանցին վնասվածքներ է հասցրել նաև կնոջ երկու երեխաներին, նրանց առողջական վիճակի մասին որևէ բան չի հաղորդվել:
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: