Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Քեմփ Դեվիդում քննարկել են Իրանի և Եմենի հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները Քեմփ Դեվիդի նախագահական նստավայրում բազմաժամյա չհայտարարված խորհրդակցություն են անցկացրել։ Ըստ Axios պարբերականի հաղորդման, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյաներին, քննարկման առանցքում են եղել Իրանի շուրջ հակամարտության զարգացումները, ինչպես նաև Եմենում Սաուդյան Արաբիայի և հութիների միջև դիմակայության հետագա ընթացքը։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ նման ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի հունիսին՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից օրեր առաջ։ Սպիտակ տունը պաշտոնապես չի ազդարարել հանդիպման մասին, իսկ բանակցությունները վարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ արտաքին քաղաքական և անվտանգային ոլորտի առանցքային դեմքերը, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ հանդիպման ընթացքում կայացվել են որոշումներ կամ առնվազն տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի խորը քննարկում։

Axios-ը նաև ընդգծում է, որ ԱՄՆ նախագահին կոչ են անում միանալ հութիների դեմ Սաուդյան Արաբիայի ծրագրած հարձակմանը։ Չնայած Թրամփը, ամենայն հավանականությամբ, հակված է հրաժարվել հութիների դիրքերին օդային հարվածներ հասցնելուց, ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում, որ նա կարող է վերանայել իր դիրքորոշումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment