Եվրոպան պատրաստ չէ հնարավոր պատերազմներին և հիբրիդային սպառնալիքներին․ Բելգիայի ՊՆ նախարար

Եվրոպան պատրաստ չէ հնարավոր պատերազմներին և հիբրիդային սպառնալիքներին «փափուկ ուժին» (soft power) երկար ժամանակ առաջնահերթություն տալու պատճառով, հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Տեո Ֆրանկենը։

Ֆրանկենի խոսքով՝ աշխարհամասը ներդրումներ է կատարել սոցիալական ապահովության, կենսաթոշակների և այլ սոցիալական համակարգերի մեջ, սակայն բավարար ուշադրություն չի դարձրել ռազմական արդյունաբերությանն ու պաշտպանական կարողություններին։ «Երբ ինչ-որ մեկը հիվանդանում է կամ կորցնում աշխատանքը, մենք ամեն ինչ ապահոված ենք լինում։ Բայց երբ բռնկվում է հակամարտություն կամ ի հայտ է գալիս հիբրիդային սպառնալիք, մենք ոչինչ չունենք», – Euronews-ին տված հարցազրույցում ասել է Թեո Ֆրանկենը։

Նախարարն ընդգծել է, որ պաշտպանական ծախսերի առումով Բելգիան երկար ժամանակ եղել է «ՆԱՏՕ-ի դասարանի ամենավատ աշակերտը»՝ ՀՆԱ-ի 2%-ի չափանիշին հասնելով միայն 2025 թվականին։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անհնար է 18-ամսյա պաշտոնավարման ընթացքում շտկել վերջին 40 տարվա սխալները։

Բրյուսելը նախատեսում է մինչև 2029 թվականը պահպանել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի մակարդակին բյուջետային սահմանափակումների պատճառով։

Leave a comment