Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներթափանցելու դեպքի առնչությամբ ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, գրում է Factor.am-ը:
Հոկտեմբերի 1-ին Դատախազությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։
Նոր նախաձեռնված քրեական վարույթը միացվել է արդեն առկա վարույթին։
Վիրավորում ստացած քաղաքացին երեք անչափահաս երեխաների մայր է։ Ինչպես Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմել է Azatutyun TV-ին, միջադեպը տեղի է ունեցել հենց երեխաների աչքի առաջ։
«Մտել էր այդ կնոջ տուն: Երեխաները նոր էին դպրոցից եկել, տանն էին ու իրենք էին պատմում, որ մորը վնասել է ու փախել: Կինը կարողացել էր տնից դուրս գալ, փախչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրունկի հատվածում ստացել է թեթև հրազենային վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմել է Մանուչարյանը:
Վարչական ղեկավարը նաև հայտնել է, որ ներխուժողը ևս վնասվածք է ունեցել՝ կրծքավանդակի ձախ հատվածում դանակի հարվածի հետքով։
«Արյան հետքերով ընկանք, փնտրեցինք իրավապահների հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրի, ասաց՝ «օլդում» (թարգ.- մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Նրա մոտ եղած ավտոմատն իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»,- պատմել է նա:
ԱԱԾ-ն հոկտեմբերի 1-ին հայտնել է, ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանի պաշտոնական կառույցների տվյալներով՝ զինծառայողն անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այդ մասին տեղեկացրել է հայկական կողմին սեպտեմբերի 29-ին: Ադրբեջանցի զինծառայողին տեղափոխել են Երևան: