Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանից 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Բաժանորդագրվել

Իր հայցադիմումով ՀՀ վարչապետը Ղազարյանից պահանջում է հրապարակային հերքել այս տարվա սեպտեմբերի 27–ին պատգամավորի կողմից իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել և պահանջել 6 մլն դրամ փոխհատուցում։ Այդ մասին նշված է «Դատալեքս» ՀՀ դատական տեղեկատվական համակարգում։

Իր հայցադիմումով Փաշինյանը Ղազարյանից պահանջում է հրապարակային հերքել այս տարվա սեպտեմբերի 27–ին պատգամավորի կողմից իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

ՀՀ վարչապետը պահանջում է, որ հերքման տեքստը լինի հետևյալ բովանդակությամբ և կարգով. «2026 թ. սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ղազարյանս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թ. հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին»։

Փաշինյանը հայցադիմումով պահանջում է նաև հերքումն իրականացնել news.am լրատվամիջոցով` ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։

«Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե 3–րդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը»,– ընդգծված է Փաշինյանի հայցադիմումի մեջ։

Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել հոկտեմբերի 1–ին, իսկ գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։ Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչեց, և նրա նկատմամբ պատիժ սահմանվեց` 2 տարի ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանը նաև 1 տարի փորձաշրջան նշանակեց։ Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։

Leave a comment