Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաներն ընդգրկել են ավելի քան 350 դպրոց (PAN.am)

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով 356 դպրոց։ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաները որոշ վայրերում կրկին վերածվել ոստիկանության հետ բախումների, հայտնել է AFP գործակալությունը։

Անկարգությունների սկզբից ձերբակալվել է 625 մարդ, տուժել են նաև ոստիկաններ և աշակերտներ, գրում է Deutsche Welle-ն:

Երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ այդ օրը բողոքներն ընդգրկել են 356 դպրոց՝ նախորդ օրվա 338-ի փոխարեն։ Անկարգությունների սկզբից 83 ոստիկան և ժանդարմ վնասվածքներ են ստացել։

Փարիզում կրթության նախարարությունից հայտնել են, որ նախորդ շաբաթ սկսված բողոքի ակցիաներից ի վեր տուժել է 119 աշակերտ և դպրոցների 34 աշխատակից։ Գերատեսչության ղեկավար Էդուար Ժեֆրեն տեղի ունեցածն անվանել է «կրթության ոլորտում աննախադեպ դեպք»։ Ֆրանսիայում ընդհանուր առմամբ գործում է մոտ 3700 դպրոց։

Ցույցերը սկսվել են մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս տարածաշրջանում, սակայն արագորեն տարածվել են ամբողջ երկրով։ Ավագ դասարանների աշակերտները դժգոհություն են հայտնել գերբեռնված դասարանների, ուսուցիչների պակասի, կրթական հաստատությունների վատ վիճակի և, իրենց գնահատմամբ, չափազանց ծանրաբեռնված դասացուցակի պատճառով։

Որոշ խոշոր քաղաքներում բողոքի գործողությունները վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Առանձին դեպքերում երիտասարդ ցուցարարներն օգտագործել են հրկիզող խառնուրդով շշեր և քարեր, իսկ ոստիկանությունն ի պատասխան կիրառել է արցունքաբեր գազ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հասկանում է բազմաթիվ երիտասարդների «վախերն ու զայրույթը»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ խնդիրներից ոչ մեկը չի արդարացնում բռնությունը։

Երկրի կառավարությունը հայտարարել է «խորհրդակցությունների հարթակ» ստեղծելու մասին, որտեղ աշակերտները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց «մտահոգություններն ու պահանջները»։ Նախատեսվել է, որ այն գործարկվելու է ոչ ուշ, քան հոկտեմբերի 6-ը, որից հետո իշխանությունները մտադիր են իրականացնել «իրավիճակի համազգային վերլուծություն»։

«Մենք պետք է ամեն գնով հասնենք նրան, որ մեր աշակերտները կարողանան վերադառնալ դասերին», — իր հերթին կոչ է արել կրթության նախարարը։

Միևնույն ժամանակ ձախ պոպուլիստական «Չհնազանդվող Ֆրանսիա» (La France Insoumise) կուսակցությունն աջակցություն է հայտնել աշակերտների բողոքի շարժմանը։ Կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը կոչ է անում դիմել բողոքի ոչ բռնի ձևերի։

Leave a comment