Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, հղում կատարելով ՀՀ-ում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին, հարցրեց․ «ԵԽԽՎ զեկուցողներն ամրագրել են, որ ՀՀ-ում հունիսին անցկացված ընտրություններն ընտրողներին առաջարկել են բացառիկ հնարավորություն և միևնույն ժամանակ նրանք արձանագրել են, որ արտաքին ուղիղ միջամտություն է տեղի ունեցել՝ ներառյալ տնտեսական, որի նպատակն էր ազդել ընտրողների կամարտահայտության վրա։ Եթե ժողովրդավարական անվտանգությունը ունի կանխարգելիչ դեր, ոչ թե արձագանքող, ի՞նչ կարող է ԵԽ-ն անել պաշտպանելու այն պետության ժողովրդավարությունը, որը նման հարձակման է ենթարկվում»։
ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց․ «ՀՀ-ում ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարական անվտանգությունը պետք է պաշտպանվի ավելի վաղ, քան բուն քվեարկության օրը։ Դուք նշեցիք տեղեկատվական մանիպուլյացիաների մասին՝ որպես արտաքին միջամտություն։ Մեզ համար սա ակնհայտ է, ինչպես նաև տեսնում ենք, որ ավելի մեծ ծավալների է հասնում։ Նոր ժողովրդավարական Պակտը Եվրոպայի համար հենց պատասխաններից մեկն է, որը կարող ենք մենք այս պարագայում գործադրել։ Մենք այս խնդիրը պետք է լուծենք կրթության միջոցով։ Որպեսզի ունենանք արդյունավետ ժողովրդավարություն, այժմ փոփոխվել են արձագանքման ձևերը, ինչ նախկինում։ Երկրորդը նորարարությունն է, որը կարող ենք կիրառել ժողովրդավարությունները պաշտպանելու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: