Մելոյան․ ԵԽԽՎ զեկույցում հստակ հերքվում է մեր նկատմամբ հիբրիդային մեղադրանքները

Հայաստանում այսօր ընդդիմությունն է դարձել ժողովրդավարության երաշխավորման առաջամարտիկը։ Այդ մասին այսօր հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը` անդրադառնալով ԵԽԽՎ հրապարակած` 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցին։

«Մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելու։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընդդիմությունը, տվյալ դեպքում` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, գնում է արտաքին բալանասավորված քաղաքականության, եվրոպական արժեքների իրական արձանագրման մեր երկրում»,– հայտարարեց Մելոյանը։

Մելոյանի գնահատմամբ` զեկույցը փաստում է, որ Հայաստանում ժողովրդավարության դեմ պայքարել է ոչ թե ընդդիմությունը, այլ գործող իշխանությունը։

«Իշխող ուժը խնդիր ուներ ցույց տալու, որ իրենք լեգիտիմ են ու ընտրություններն էլ են լեգիտիմ, սակայն բնավ դա այդպես չէր»,– նշեց նա։

Հարցին, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները շրջանցում են զեկույցում տեղ գտած ընտրակաշառքների թեման և արտաքին գործոնի ազդեցությունը, Մելոյանն ընդգծեց, որ զուգահեռ նաև այլ արձանագրում է տեղի ունեցել։

«Չնայած այն մեղադրանքներին, որոնք հնչում են «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ՝ ընտրություններին Ռուսաստանից մարդկանց բերելու, ուղղորդելու հանրային մեծ աղմուկին, այնուամենայնիվ ԵԽԽՎ–ն անգամ մեկ դեպք չի արձանագրել այդ մասին հավաստող։ Զեկույցում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Ռուսաստանի մասին ծավալուն անդրադարձ կա, սակայն դա չի վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը և, առավել ևս մեզ, քանի որ հստակ հերքվում է մեր նկատմամբ հիբրիդային միջամտությունները ու մեղադրանքները»,– ասաց Մելոյանը։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա կուսակցության ներկայացուցիչը, հղում անելով ԵԽԽՎ զեկույցին, ասաց, որ իրավապահ մարմինները ոչ հավասարակշիռ ու համաչափ միջամտություն են թույլ տվել ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ինչը կրկին թիրախավորել է ընդդիմադիրներին, որի արդյունքում հանրային տրամադրությունները փոփոխվել են` մասնավորապես ձայնագրությունների հրապարակումից հետո։

«Այս զեկույցով հստակ ազդակ են տվել, որ ՀՀ–ում իրավապահ մարմինները քաղաքական իշխանության ուղղորդմամբ ոչ ժողովրդավար մոտեցում են ցուցաբերել քաղաքական ուժերի նկատմամբ։ Այս զեկույցով հաստատվել է նաև մեր երկրում կայացած ընտրությունների լեգիտիմության հարցը։ Զեկույցը նաև այն մասին է, որ ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել համահավասար սկզբունքով մասնակցելու ընտրություններին»,– ավելացրեց նա։

Մելոյանը տեղեկացրեց, որ նախընտրական քարզչության փուլում հանդիպումներ են ունեցել եվրոպացի գործընկերների հետ ու պարզել են, որ նրանց բազմաթիվ սխալ տվյալներ են ներկայացվել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` ԵԽԽՎ այս զեկույցը ժողովրդավարության հաղթանակն է, քանի որ այնտեղ տեղ են գտել բոլոր այն խնդիրները, որոնց մասին ահազանգել է ընդդիմությունը։

«ԵԽԽՎ–ն փաստացի այս զեկույցով կոչ է անում Փաշինյանին և գործող իշխանությանը դադարեցնել ապօրինի քրեական այն հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրություններին երրորդ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի և նրա նախագահի միջամտությանը, ապա Աբրահամյանի գնահատմամբ` զեկույցում նշվում է, որ Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և ԵՄ–ի կամ այլ երկրների միջև դիմակայության թատերաբեմ, այլ պետք է լինի համագործակցության հարթակ:

Sputnik Արմենիա

Leave a comment