«Փաստաթղթերի փաթեթն ամբողջական էր, ռիսկ չեմ տեսել». Սամվել Կարապետյանի գործով վկան՝ տուրբոգեներատորային կայանների գործարքների վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով վկա Հակոբ Վարդանյանը։

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացող նիստում Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ «Նեքսիա Armenia»-ում է աշխատել որպես հաշվապահ, հետո զբաղեցրել է ավագ մենեջերի պաշտոնը։ Նրա խոսքով, ինքն է կատարել նաև «Սոլար Պարկի» հաշվառումը:

Վկայի խոսքով՝ հաշվառումն իրականացրել են՝ «ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան: Դրա շրջանակներում անցել ենք հարկային ստուգումներ, ամեն ինչ ճիշտ ենք արել»։

Նրա խոսքով՝ Նաիրի Ադամյանը նախկինում եղել է ՀԷՑ-ի հաշվապահը, իսկ իրենց ընկերությունում՝ փոխտնօրեն՝ ըստ հաստիքացուցակի։

Հարցին, թե ով է հանձնարարել իրեն վարել «Սոլար Պարկ» ընկերության հաշվապահությունը, Վարդանյանը պատասխանեց, որ նման աշխատանքը ղեկավարությունն է բաշխում։

«Սոլար Պարկ» և ՀԷՑ ընկերությունների աշխատակիցների ու հաստիքացուցակների փոխկապակցվածության վերաբերյալ վկան ասաց, որ տեղեկություն չունի։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է Կարեն Հարությունյանին, Հայկ Դարբինյանին և Սերգեյ Հարությունյանին, Վարդանյանը պատասխանեց, որ վերջիններս «Սոլար Պարկի» հիմնադիրներն են, իսկ ՀԷՑ-ի հետ նրանց հնարավոր կապի, առնչության վերաբերյալ վկան ասաց՝ տեղեկություն չունի։

Դատախազը հարցրեց նաև տուրբոգեներատորային կայանների գործարքների վերաբերյալ նախաքննության ընթացքում ստացված տեղեկությունների մասին։ Վարդանյանը պատասխանեց, որ կայանների ձեռքբերման վերաբերյալ եղել է պայմանագիր և հարկային հաշիվներ, իրականացվել են համապատասխան ձևակերպումներ, որոնք հետագայում ստուգվել են։ Նրա խոսքով՝ ամեն ինչ պատշաճ կերպով ձևակերպվել է։

Հարցին, թե ստուգե՞լ է՝ ինչ գույք է ձեռք բերվում, վկան պատասխանեց, որ ստացել են փաստաթղթերի ամբողջական փաթեթը և դրա հիման վրա կատարել ձևակերպումները։ Նրա խոսքով՝ փաթեթն ամբողջական էր և պատշաճ տեսքի, և ինքն էլ այն ձևակերպել է։

Հարցին, թե կայանները ձեռք են բերվել վարկայի՞ն միջոցներով, Վարդանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, սակայն վստահեցրեց, որ իր ունեցած տեղեկատվության շրջանակում ամեն ինչ նորմալ է եղել, ռիսկ չի տեսել, և այդ հիմքով էլ կատարել է համապատասխան ձևակերպումները։

Գործարքներից հետո կայանների հետագա ճակատագրի վերաբերյալ վկան ասաց, որ դրանք երկար ժամանակ պահպանվել են, այնուհետև ստացել է փաստաթղթերի փաթեթ, համաձայն որի՝ կայաններն արտահանվել են երկրից։

Հարցին, թե երբ «Սոլար Պարկ»-ը ձեռք էր բերել կայանները, արդյոք ընկերությունը վճարում կատարել էր, Վարդանյանը պատասխանել է, որ մասնակի վճարում կատարվել է «Էներգո գրուպին», ումից գնվել էր, սակայն գործարքի մանրամասները չի հիշում, այդ թվում ձեռքբերման նպատակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment