«Եթե Եվրոպական հանձնաժողովն ընտրեց լռությունը, Եվրոպական խորհրդարանը այդպես չի վարվում։ Մենք չենք լռելու»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Արդարություն փախստականների համար․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ կանայք և երեխաները» թեմայով միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի անդամ Մարինա Մեզուրը։
Պատգամավորը նշեց․ «Իմ կարծիքով՝ չի կարող լինել չեզոքություն այն երկրի նկատմամբ, որն իրականացրել է էթնիկ զտում, և այն մարդկանց նկատմամբ, որոնք նրանց զոհերն են։ Եվրոպական խորհրդարանում շատերը հրաժարվեցին լռել, և մենք կշարունակենք բարձրաձայնել»։
Մարինա Մեզուրը հիշեցրեց, որ ինքն այն պատգամավորներից էր, որը դեմ էր Բաքվի հետ կնքված էներգետիկ պայմանագրին․ «Սա փաստացի որոշում էր հզորացնել Ալիևի ավտորիտար ռեժիմի տնտեսությունը, և հենց դրանից հետո Ալիևի ռեժիմն իրականացրեց Արցախում էթնիկ զտում` բռնի տեղահանելով հայերին իրենց ծննդավայրից»։
Մարինա Մեզուրը ներգրավված է եղել Հայաստանի և Արցախի հայերի աջակցության բոլոր նախաձեռնություններում և օրինագծերի ընդունման գործընթացներում։ Ասաց, որ նաև Հայաստանում հանդիպել է արցախցիներին։ Պատմելով իր տպավորությունների մասին նրանց հետ շփումներից՝ հատկապես երեխաների, հիշեց՝ ասացին՝ մեզ մի մոռացեք։ Եվ վստահեցրեց․ «Իհարկե, ձեզ չենք մոռանալու»։
Պատգամավորն ասաց, որ հիմնականում կենտրոնացած է մի քանի խնդիրների լուծման վրա՝ ապահովել արցախահայերի՝ իրենց ծննդավայր վերադարձը, հայկական ժառանգության ոչնչացումը, հայ ռազմագերիները դեռ պահվում են Բաքվի բանտում։
Անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին՝ ֆրանսիացի պատվիրակն ասաց․ «Դա խայտառակ կեղծիք է։ Հենց այս հայտարարությունից հետո Մագդալենա Գրոնոն X-ում գրեց մշակութային կոթողների ծագման վերաբերյալ կողմերի «խորապես տարբերվող տեսակետների և նարատիվների» մասին։ Խորապես տարբերվող տեսակետնե՞ր։ Իբրև դա ճշմարտություն է։ Երբ եվրոպական դիվանագիտությունը ճշմարտությունն ու սուտը դնում է նույն հարթության վրա, դա, անշուշտ, չեզոքություն չէ։ Միջազգային իրավունքը չի կարող լինել հարմարության հարց․ այն պետք է լինի անաչառ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: