Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում մի քննարկման մասնակից իշխանական պատգամավորներից մեկը բացահայտ «կասկած» էր հայտնում կամ «ենթադրություն», թե ՀՀ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղումը ԿԳԲ–ի ու ԳՌՈՒ–ի ձեռքի գործն է։ Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ ձեռքի գործն էր 2019 թվականի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանի այդ տեքստը կազմողը ԿԳԲ–ն էր, թե՞ ԳՌՈՒ–ն։ Թե՞ այդ առնչությամբ չկան «վարկածներ», բացի, իհարկե, մոլեռանդ հայրենասիրության վարկածից, որ շրջանառության մեջ է դրել Փաշինյանն ինքը՝ որպես պատասխանատվությունից խուսանավելու վերջին հանգրվան։
Շատերն էլ ունեն ոչ պակաս համոզիչ վարկած կամ ենթադրություն, որ 2018 թվականին Թուրքիան ու Ադրբեջանն են Հայաստանում իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին եւ նրա այսպես ասած՝ թիմին։ Բայց, թե մեկը, թե մյուսը, պարզապես հնարավոր չէ ապացուցել աներկբա։ Հետեւաբար, շատ ավելի արդյունավետ է քննել կատարված քայլերը ըստ տրամաբանության, ըստ փաստերի, դրանց իրավաքաղաքական հիմնավորման։
Իսկ այդ տեսանկյունից փաստն այն է, որ մինչեւ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի անձնատուր լինելը, միջազգային որեւէ պրոցեսում կամ հարթակում Ադրբեջանը մատնացույց չի արել Հայաստանի Սահմանադրությունն ու այնտեղ Անկախության հռչակագրին արվող հղումը չի դիտարկել իր տարածքային ամբողջության հանդեպ հավակնություն։ Ավելին, Ադրբեջանը որեւէ ծպտուն չէր հանում անգամ, երբ Հայաստանի նախագահներն այցելում էին ԼՂԻՄ շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտի։ Որովհետեւ Ադրբեջանն ինքն էր ներգրավված նաեւ այդ տարածքների վերաբերյալ բանակցային խաղաղ պրոցեսում, ինքն էր քննարկում դրանց վերադարձի պայմանները՝ միջնորդների եւ հայկական կողմի հետ, եւ հայկական կողմը երբեք կասկածի տակ չէր դնում այդ տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավունքը։ Պարզապես, դիվանագիտական հմտությամբ վարում էր նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքի սկզբունքի վրա հիմնված միջազգային բանակցություն։
Ոչ թե կերակրում էին հանրությանը ԳՌՈՒ կամ ԿԳԲ մասին հեքիաթներով կամ դավադրապաշտականությամբ, այլ աշխատում էին դիվանագիտությամբ՝ պետական եւ ոչ կառավարական մեխանիզմների ներգրավումով։ Իդեալական, անթերի՞ էր այդ աշխատանքը։ Իհարկե՝ ոչ։ Բայց այդ աշխատանքը բավարար էր, որպեսզի երեք տասնամյակ ապահովվեր հայկական պետականության հիմնադրման միջազգային լեգիտիմությունը, իրավաքաղաքական հիմքերի անսասանությունը, արժանապատվությունը։ Երբ չկա այդ աշխատանքի տարրական գիտելիքն ու կոմպետենտությունը, մարդկանց գլուխները լցվում են ԿԳԲ–ով, ԳՌՈՒ–ով․․․։ Իհարկե հիմնականում այն գլուխները, որոնցում դրա համար կա տեղավորելու բավարար դատարկ տարածություն։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: