Ինչու են բանակում ինքնասպանության դեպքեր լինում. նախկին սպան առկա խնդիրներն է մատնանշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և ինքնասպանության դեպքերի կանխարգելումը պահանջում է համակարգային ախտորոշում»,- հրավիրված քննարկման ժամանակ շեշտեց Հայաստանի և Արցախի ԶՈՒ հրետանային բրիգադի նախկին հրամանատար, 25 տարվա զինվորական փորձ ունեցող գնդապետ Գրիգորի Սահակյանը։

Նա ներկայացրեց բանակում տիրող իրական վիճակը՝ վեր հանելով կադրային, դաստիարակչական և կազմակերպչական խորքային պատճառները՝ ուշադրություն հրավիրելով հստակ հարցի՝ ինչո՞ւ են ինքնասպանություն գործում բանակում։

Գնդապետ Սահակյանի ընդգծմամբ՝ «բանակում ինքնասպանություններն ու արտակարգ պատահարները իսպառ վերացնող մեկ ունիվերսալ ֆորմուլա գոյություն չունի», քանի որ յուրաքանչյուր դեպք պահանջում է առանձնահատուկ վերլուծություն: Այդուհանդերձ, ըստ նրա, կան հստակ համակարգային պատճառներ։

«Ամենալուրջ խնդիրներից մեկը կրտսեր հրամանատարական օղակում՝ դասակ, մարտկոց, վաշտ, առկա կադրային սովն է։ Սպայական կազմի պակասի պատճառով պարտականությունները հաճախ դրվում են սերժանտական կազմի վրա, որը դեռևս պատրաստ չէ կատարելու կանոնադրությամբ սահմանված պահանջները»,- նշեց զինվորականը։

Նրա խոսքով՝ առկա սպայական կազմի շրջանում նկատվում է կոմպետենտության լուրջ պակաս: «Խոսքը վերաբերում է ինչպես մասնագիտական ու մարտական կանոնադրությունների թերի իմացությանը, այնպես էլ դաստիարակչական աշխատանքի ճիշտ ընկալման բացակայությանը։ Հրամանատարներից շատերը դաստիարակությունը պատկերացնում են պարզունակ ձևով՝ «նստեք, այսօր ձեզ կդաստիարակեմ», ինչը որևէ կապ չունի իրական դաստիարակչական գործընթացի հետ»- նշեց Գրիգորի Սահակյանը։

 

Ամենավտանգավոր երևույթներից մեկը, ըստ նրա, զորամասերից «փողոցը» դուրս մղելու անկարողությունն է։ Երբ հրամանատարները թույլ են լինում, զորանոցում սկսում են իշխել փողոցային բարքերը. «Ավելին՝ անձնական ինքնասիրությունից կամ համբավը կորցնելու վախից ելնելով՝ որոշ հրամանատարներ քողարկում են խնդիրները և չեն դիմում վերադասի կամ աջակցող մարմինների օգնությանը»։

Գնդապետն ընդգծեց, որ Ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ընկալվեն ոչ թե որպես թշնամի կամ սպայի համբավը գցող մարմիններ, այլ որպես օրինականություն հաստատող և խնդիրները լուծող գործընկերներ։

Զինվորականի կարծիքով՝ խնդրի մյուս խորքային արմատը մինչբանակային կյանքն է․ «Արտագնա աշխատանքի պատճառով հայրերի զգալի մասը բացակայում է ընտանիքից: Մանկապարտեզներում և դպրոցներում ուսուցչական կազմի ճնշող մեծամասնությունը կանայք են, ինչի հետևանքով 18 տարեկան երիտասարդը, մինչև զորակոչվելը, գրեթե առնչություն չի ունենում տղամարդ ղեկավարի կամ դաստիարակի հետ։ Հայտնվելով արական միջավայրում և հրամայական համակարգում՝ նա սթրես է ապրում, ինչն առաջացնում է կոնֆլիկտներ»։

Սահակյանը կարևորեց բանակ-հասարակություն երկխոսությունը, որպեսզի երիտասարդը բանակ գա որպես դժվարությունների դիմակայող քաղաքացի, այլ ոչ թե ջերմոցային պայմաններին սովոր անձնավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment