«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։
Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել և ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձևավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաև Գավառում` գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության և ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին` դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։
«Գործարար» կուսակցությամբ է առաջադրվել նաև Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեև ՔՊ-ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ-ի հույսերը, և հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին, իսկ գործող համայնքապետն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ։
Մեր տեղեկություններով, «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաև Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, և ՔՊ-ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին»։