Մի վիճակագրություն կա, որը բավականին անհանգստացնող է․ յուրաքանչյուր երեք մարդուց մեկը չի վերապրում իր առաջին սրտի կաթվածը։ Սրտանոթային հիվանդությունների առավել հայտնի ռիսկի գործոններն են արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակն ու զարկերակային բարձր ճնշումը, սակայն վերջերս գիտնականները նաև մեծ կարևորություն են տալիս օրգանիզմում քրոնիկ, ցածր մակարդակի բորբոքմանը։ Այս գործոնը հնարավոր է գնահատել բարձր զգայունության C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) ՝ բորբոքման մարկերի, չափման միջոցով։
Գոյություն ունի CRP-ի երկու տեսակի թեստ։ Սովորական թեստը հայտնաբերում կամ վերահսկում է բորբոքային վիճակները, ինչպիսիք են ծանր վարակները կամ աուտոիմուն հիվանդությունները, մինչդեռ բարձր զգայունության CRP-ի՝ hsCRP-ի թեստը նախատեսված է սրտային հիվանդությունների թաքնված ռիսկը բացահայտելու համար։
Վերջին տարիներին CRP թեստերը ավելի ու ավելի մեծ ուշադրություն են գրավում, և հարց է առաջանում․ արդյո՞ք իրենց առողջ զգացող մարդիկ պետք է անցնեն այս հետազոտությունը։ Սրտաբանության ամերիկյան քոլեջի (ACC) համաձայն՝ այո՛, պետք է անցնեն։
ACC-ի՝ 2025 թվականի հատարարության համաձայն՝ hsCRP-ի ավելի կանոնավոր չափումը կարող է ծառայել որպես սքրինինգային մեթոդ՝ օգնելով արտաքուստ առողջ մարդկանց շրջանում հայտնաբերել խնդիրներն ու ավելի վաղ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
«Աշխարհում գործող ուղեցույցներն աստիճանաբար շարժվում են hsCRP-ի համընդհանուր սքրինինգ ներդնելու ուղղությամբ»,- ասում է Հարվարդի համալսարանին կից Brigham and Women’s Hospital-ի Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ACC-ի հայտարարության համահեղինակ դոկտոր Փոլ Ռիդքերը։
«Ռիսկի ավանդական գործոնները, ինչպիսիք են բարձր զարկերակային ճնշումը, բարձր խոլեսթերինը, ծխելը, շաքարախտը և ճարպակալումը, շարունակում են շատ կարևոր լինել,- ասում է նա։- Սակայն որոշ գնահատականներով՝ սրտամկանի ինֆարկտների ու կաթվածների մինչև կեսը տեղի է ունենում այն մարդկանց մոտ, որոնք չունեն այս հիմնական ռիսկի գործոնները։ Մենք բոլորս փորձում էինք հասկանալ, թե ինչո՞վ է դա բացատրվում»։
Ինչո՞ւ է չափվում C-ռեակտիվ սպիտակուցը
Բորբոքումն օրգանիզմի բնական արձագանքն է վնասվածքին կամ վարակին, սակայն երբ այն երկար ժամանակ պահպանվում է, կարող է վնասել արյունատար անոթները և նպաստել զարկերակները խցանող աթերոսկլերոտիկ թիթեղիկների կուտակմանն ու պատռմանը, ինչն էլ կարող է հանգեցնել կաթվածի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ hsCRP-ի բարձր մակարդակը սրտի ինֆարկտի կամ կաթվածի կանխատեսման առումով նույնքան ինֆորմատիվ է է, որքան «վատ խոլեսթերինի» բարձր մակարդակը։ Դոկտոր Ռիդքերի խոսքով՝ օրգանիզմում քրոնիկ բորբոքումը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը նույնիսկ այն դեպքում, երբ օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը լավ վերահսկվում է։
«Բարձր զգայունության CRP թեստը ցույց է տալիս սրտանոթային համակարգի բորբոքումը՝ արյունատար անոթների բորբոքային վիճակը,- բացատրում է նա։- Մարդը չի կարող զգալ, որ իր օրգանիզմում դա կա, ինչպես չի զգում բարձր մակարդակի խոլեսթերինը։ Երբ այս երկու գործոնները համակցվում են, դրանք զգալիորեն արագացնում են միմյանց բացասական ազդեցությունը»։
C-ռեակտիվ սպիտակուցը և սրտային հիվանդությունների վտանգը
«Հարցն այն է, որ եթե դուք չունեք ստանդարտ, փոփոխելի ռիսկի գործոններ, բայց CRP-ի մակարդակը ձեզ մոտ բարձր է, ապա դուք ամբողջ կյանքում կարող ենք ենթարկվել սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի։ Վատն այն է, որ ձեր բժիշկը կարող է չիմանալ այդ մասին, եթե ձեր CRP-ն չի չափվում»,- ասում է դոկտոր Ռիդքերը։
Թեստավորումը կարող է օգնել բժիշկներին որոշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է դեղորայք նշանակել սրտային հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար։ Կլինիկական փորձարկումներում այն մարդիկ, որոնք բարձր hsCRP-ի պատճառով ստացել են ստատիններ, 45%-ով ավելի քիչ հավանականությամբ են ունեցել սրտի ինֆարկտ կամ կաթված, կամ մահացել սրտանոթային որևէ պատճառից, նշում է նա։
«Ստատինները սրտի կաթվածի կանխարգելման հիմնական միջոցներից են, քանի որ նվազեցնում են ինչպես բորբոքումը, այնպես էլ խոլեսթերինի մակարդակը,- ասում է դոկտոր Ռիդքերը։- Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և ծխելը թողնելը նույնպես նվազեցնում են բորբոքումն ու սրտային հիվանդությունների վտանգը»։
Ո՞վ պետք է մտածի CRP թեստ անցնելու մասին
Այս բոլոր պատճառները հաշվի առնելով՝ դոկտոր Ռիդքերը կարծում է, որ շատ մեծահասակների կարող է օգտակար լինել hsCRP-ի հետազոտությունը։ Այն թանկ չէ և հեշտությամբ կարելի է ներառել արյան սովորական անալիզների շարքում, որոնք կատարվում են առաջնային բուժօգնության բժշկի մոտ պարբերական ստուգումների ժամանակ։
«Բժիշկները չեն կարող բուժել այն, ինչը չեն չափում։ Բայց եթե նրանք պարբերաբար որոշեն սրտանոթային համակարգի բորբոքման մակարդակը, կտեսնեն, որ իրենց այն հիվանդներից շատերը, որոնց առողջ էին համարում, իրականում այդպիսին չեն»։
Ինչպե՞ս նվազեցնել օրգանիզմում բորբոքման մակարդակը
Սրտաբանության ամերիկյան քոլեջը խորհուրդ է տալիս՝
- շաբաթական առնվազն 150 րոպե չափավորից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն ունենալ,
- պահպանել առողջ քաշը,
- սահմանափակել ուլտրավերամշակված մթերքների, քաղցր ըմպելիքների և կարմիր կամ վերամշակված մսի օգտագործումը,
- սննդակարգը հարստացնել մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ ձավարեղենով, լոբազգիներով, ընդեղենով, ձկով և ձիթապտղի յուղով,
- հրաժարվել ծխելուց, եթե ծխում եք։
«Մենք ունենք ապացույցներ, որ եթե մարդիկ ճիշտ սնվեն, դադարեցնեն ծխելը և նվազեցնեն քաշը, նրանց CRP-ի մակարդակը կնվազի, և դրա հետ մեկտեղ կնվազի նաև սրտանոթային հիվանդությունների վտանգը»,- ասում է Brigham and Women’s Hospital-ի Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Փոլ Ռիդքերը։
Ծանուցում․ տվյալ նյութը տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման և բուժման համար։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Հարվարդի բժշկական դպրոց
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: