Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ, Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրել է․

Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։

Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել եւ ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձեւավորել Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին` դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։

«Գործարար» կուսակցությամբ է առաջադրվել նաեւ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեեւ ՔՊ-ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ-ի հույսերը, եւ հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին, իսկ գործող համայնքապետն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ։

Մեր տեղեկություններով, «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաեւ Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, եւ ՔՊ-ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են ունեցել Կոնջորյանի հետ և որոնց անունները շրջանառվել են նրա ծեծի գործի շրջանակում։

Խնդիրն այն է, որ պատմության մյուս կողմում ևս կա գործող ՔՊ-ական։

Խոսքը Աբովյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանի մասին է։ Հենց Հակոբյանն է իրավապահների կողմից որպես մեղադրյալ ներգրավված Ավետ Կոնջորյանի ծեծի գործով։ Հակոբյանն ու Կոնջորյանը նախկինում ընկերներ են եղել, ավելին՝ Հակոբյանն էր Կոնջորյանին ծանոթացրել «Միլոն Մայնինգ»-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի հետ։

Հուլիսի 27-ին տեղի ունեցած միջադեպից հետո մամուլում, մասնավորապես, շրջանառվել են Բաբկեն Հովակիմյանի, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանի, Նաիրի Հակոբյանի, «Էլլարի Սաքո» մականունով անձի, Գրիշա Գրիգորյանի և Ազատ Շահոյանի անունները։

Սակայն այս անուններից ՔՊ-ական և ավագանու անդամ լինելու կարգավիճակը հրապարակված վստահելի աղբյուրներով հստակ հաստատվում է հենց Նաիրի Հակոբյանի դեպքում։ Մյուսների դեպքում նման պնդում անելու բավարար հիմք այս պահին չկա։

Միաժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ վարչությանը դիմած անձինք ցանկանում են, որպեսզի իրենց դիրքորոշումն առանձին լսվի և իրենց կուսակցական կարգավիճակի հարցը չորոշվի միայն Ավետ Կոնջորյանի հետ ունեցած հակամարտության կամ վերջինիս ծեծի գործի համատեքստում։

Այսինքն՝ ՔՊ-ի ներսում իրավիճակը բավական ուշագրավ է դառնում․ կուսակցությունը պետք է գնահատի ոչ միայն Ավետ Կոնջորյանի վարքագիծը, այլև այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել նրա և ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի միջև, և ինչ կարգապահական չափանիշներ են կիրառվելու տարբեր կողմերի նկատմամբ։

Հատկանշական է, որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն քննարկել է Ավետ Կոնջորյանի վարքագծի հարցը։ Հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը հաստատել է քննարկման փաստը՝ միաժամանակ նշելով, որ վերջնական որոշում դեռ չկա։

Ավելին՝ ծեծի գործով իրավապահները հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են իրականացրել, իսկ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ գործի նախաքննությունն ավարտվել է։ Նաիրի Հակոբյանի փաստաբանը «Ազատությանը» հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։

Այսպիսով, Ավետ Կոնջորյանի պատմությունը ՔՊ-ի համար կարող է դառնալ ոչ միայն մեկ կուսակցականի վարքագծի քննարկման, այլև սեփական անդամների գործողությունների և նրանց նկատմամբ կիրառվող չափանիշների հարց։

Եվ այստեղ է ամենահետաքրքիր մասը․ եթե կուսակցությունը որոշում է կայացնելու Ավետ Կոնջորյանի վերաբերյալ, ապա ՔՊ-ի ներսում արդեն հարց է առաջանում՝ նույն պատմության մյուս կողմի նկատմամբ ի՞նչ որոշում է կայացվելու»։

 

«Հրապարակ» թերթը գրել է․

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։

Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել եւ ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։

Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլեւս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ եւ հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։

Նաեւ պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։ Արայիկ Պետրոսյանը ծնունդով արցախցի է։

Leave a comment