Ընտրապայքար՝ առանց մրցակիցների․ Ախուրյանում իշխանազավթումից հետո ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժ չի մասնակցում ընտրությանը

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի 32 բնակավայրեր ունեցող Ախուրյան խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Քաղաքական ուժերից ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն գործող համայնքապետ, մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանն է։ Առաջադրումներն արդեն ավարտվել են։

Սա նշանակում է, որ այս քաղաքական ուժը միանձնյա է ստանձնելու իշխանությունը՝ առանց ընդդիմադիր ավագանու ներկայացուցիչների, որն անխոս ժողովրդական երկրի շահերից չի բխում։

Նշենք, որ Ախուրյանն այն համայնքն էր, որտեղ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում թեժ ընտրապայքար էր ընթանում․ ընտրապայքարի դուրս էին եկել չորս հին ընկերներ՝ Ախուրյանի 25 տարվա համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, 12 տարի Ազատան համայնքը ղեկավարած Վարդան Իկլիկյանը, Մարմաշեն համայնքի ղեկավար ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը և Առափիի 30 տարվա համայնքապետ Ալբերտ Այվազյանը, որը ՔՊ-ի թեկնածուն էր։

Ընտրապայքարն այնքան թեժ էր, որ նույնիսկ Ազատանի նախկին գյուղապետ Վարդան Իկիլիկյանի գլխավորած՝ «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները միավորող «Իկիլիկյան» դաշինքի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ չթույլատրեցին մասնակցել ընտրությունների։ Սակայն այդ ժամանակ մեկ ձայնի առավելությամբ համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» դաշինքի թեկնածու դաշնակցական Արծրուն Իգիթյանը՝ մեկ այլ դաշնակցական Կարեն Արշակյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքի հետ կոալիցիա կազմելով ։

Երկու տարի անց՝ 2023 թվականի հուլիսին ՔՊ-ին հաջողվեց մանդատագողություն միջոցով Ախուրյանում խլել իշխանությունը, ավելին՝ Կարեն Արշակյանին զրկել նույնիսկ ավագանու անդամ լինելու հնարավորությունից, որն էլ, ըստ էության, հանգեցրեց նրան, որ Ախուրյանում այլևս ոչ մի քաղաքական ուժ չմասնակցի ՏԻՄ ընտրությանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment