Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու համար Երևանի կողմից բերված հիմնավորումների իսկությունը։
Լրագրողների հարցերին պատասխանելով Հայաստանում ռուս տնտեսվարողների հետ կապված իրավիճակի մասին՝ դիվանագետը որպես օրինակ բերել է գործարար Սամվել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
«Իշխող թիմը փորձում է արդարացնել իր գործողությունները «կոռուպցիայի դեմ պայքարի», անօրինական ճանապարհով ստացված եկամուտները գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարելավելու ձգտման կարգախոսներով։ Սակայն նրանց հավաստիությունը խիստ կասկածելի է», – հայտարարել է Գալուզինը։
Ըստ փոխնախարարի՝ «իրականում սա ավելի շատ հիշեցնում է ներքին ասպարեզում մրցակցի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում»։
Գալուզինը նշանակալի է համարում այն փաստը, որ «մինչև գործարարի հայտնվելը հանրապետության քաղաքական կյանքում, ընկերության գործունեության վերաբերյալ բողոքներ չեն եղել»։ «Նոր ղեկավարները, որքանով կարելի է դատել, առանձնապես հաջողակ չեն եղել ձեռնարկությունը ղեկավարելու հարցում, որի մեջ ներդրվել են հարյուր միլիոնավոր դոլարներ», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։