Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 17:02

Պակիստանի հյուսիս-արևմուտքում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, գրում է Al Jazeera-ն։

Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգի Կոհաթ քաղաքում պայթուցիկներով բեռնված մեքենան մխրճվել է ոստիկանական շտաբի տարածքում գտնվող մզկիթի մուտքի մեջ։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվում էին ուրբաթօրյա աղոթքի։

Կոհաթ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել առնվազն 15 զոհերի մարմիններ և 50-ից ավելի վիրավորներ, հայտնել է բժիշկ Թահիր Շահը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հարձակման պատասխանատվությունն առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել։ Սակայն տարածաշրջանում ակտիվ են «Իսլամական պետություն» զինված խմբավորման տարածաշրջանային մասնաճյուղը և «Պակիստանի թալիբան» (TTP) շարժումը, որոնք պարբերաբար թիրախավորում են անվտանգության ուժերին։

Վերջին տարիներին Պակիստանի՝ Աֆղանստանի սահմանին հարակից հեռավոր շրջաններում բռնությունների ալիք է բարձրացել։ Իսլամաբադն Աֆղանստանի թալիբանյան իշխանություններին մեղադրում է այն բանում, որ թույլ են տալիս Պակիստանում հարձակումներ կազմակերպող զինյալներին գործել Աֆղանստանի տարածքից։ Քաբուլը հերքում է այդ մեղադրանքները։ Սակայն վերջին ամիսներին այս հարցի շուրջ երկու երկրները սահմանային հարվածներով են փոխանակվել։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է հարձակումը և իր գրասենյակի տարածած հայտարարությունում ցավակցություն հայտնել զոհերի կապակցությամբ։ Նա իշխանություններին հանձնարարել է արագացնել փրկարարական աշխատանքները, վիրավորներին ապահովել անհրաժեշտ բուժօգնությամբ և աջակցություն ցուցաբերել տուժածներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment