ՀՀ-ում ԵՄ դեսպանն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար ԵՄ արտոնությունները շատ շուտով ուժի մեջ կմտնեն

Մարագոսն ասել է. «Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ այն շատ շուտով պաշտոնապես կձևակերպվի»


ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Եվրամիությունն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները կսկսեն գործել շատ շուտով: Այդ մասին Վանաձորում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ « Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։


«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», – ասել է ԵՄ դեսպանը՝ հատուկ նշելով Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հայկական շատ ապրանքների թույլ կտան մուտք գործել ԵՄ շուկա առանց մաքսատուրքերի վճարման։


«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։


Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ:


Մարագոսն ասել է. «Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ այն շատ շուտով պաշտոնապես կձևակերպվի»։


Եվրոպական խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ հայկական ծագման արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ սահմանելու մասին։


Նախատեսվում է հայկական ծագման ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկում՝ սակագնային քվոտաների շրջանակում: ԵՄ Խորհրդի գնահատմամբ՝ միջոցառումները թույլ կտան ազատականացնել Հայաստանի արտահանման մոտ 80%-ը դեպի Եվրամիություն:


Նախընտրելի ռեժիմը կգործի համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից սկսած երկու տարվա ընթացքում: Այն նաև նախատեսում է պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար՝ եվրոպական արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցության դեպքում:


Եվրախորհրդարանի կողմից դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո փաստաթուղթը պետք է հավանության արժանանա ԵՄ Խորհրդի կողմից: Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը:


Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, խաղող, կարտոֆիլ, չրեր, ավելի ուշ՝ նաև թարմ ձուկ և ձկնամթերք, ինչպես նաև կաթնամթերք։


Սահմանափակումները ներառում են նաև հայկական ծագման ապրանքների տարանցման արգելքը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։


 


 


 


 

Leave a comment