Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։
Ընդգծվել է ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ուղղված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Ընդգծվել է նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության աջակցության ու մասնագիտական ներգրավվածության կարևորությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այդ թվում՝ ընտրական վարչարարության կարիքների գնահատման, կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հետ կապված ռիսկերի վերլուծության, մասնագետների վերապատրաստման և հավաստագրման համակարգերի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև միջազգային ընտրական աջակցության արդյունավետ համակարգման համատեքստում:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: