Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով

Հասարակություն

20.10.2026 | 15:04

Երևանի հանրային տրանսպորտում կնոջը վիրավորելու միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:

Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ արտահայտություններով դիմում հատակին նստած կնոջը՝ պահանջելով «իրեն նորմալ պահել»։ Միջադեպին միջամտել էր մեկ այլ ուղևոր, որը դժգոհություն էր հայտնել տղամարդու պահվածքից։ Նրանց միջև վիճաբանություն էր սկսվել։

Հոկտեմբերի 20-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն՝ ներկայացնելով նախաքննական մարմին։

Leave a comment