Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, որը համատեղության կարգով նաև ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է, 2024 թվականի հունիսի 13-ին հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների նպատակով․ ԱԺ նիստում ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ չի գտել տեղեկություններ դեսպանի վերադարձի վերաբերյալ․ «Կարո՞ղ եք ասել՝ դեսպանը վերադարձե՞լ է ծառայության վայր, թե՞ չէ, և ԱՊՀ-ի հետ ձեր հաղորդակցումը հիմա ո՞ւմ միջոցով է իրականացվում դեսպանի բացակայության պատճառով»։
Արմեն Ղազարյանն ասաց՝ դեսպանի վերադարձի մասին հարցումը կամ տեղեկատվությունը պետք է ուղղել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության գործընկերներին եւ հավելեց, որ ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունը ոչ միայն դեսպանության խողովակով է իրականացվում․ ունեն անմիջական կապեր և շփումներ ինչպես մասնակից պետությունների իրավապահ մարմինների, Ներքին գործերի նախարարությունների հետ, այնպես էլ ԱՊՀ գործադիր բյուրոյի հետ:
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացնում էր «ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը, որը նախապատրաստվել և առաջարկվել է Տաջիկստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կողմից դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Չոլպոն-Ատա քաղաքում։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին Դուշանբեում: ԱՊՀ մասնակից պետություններից 9-ը միացել են համաձայնագրին, 7-ը վավերացրել են, 2-ը դեռևս չեն վավերացրել՝ Հայաստանը և Ղազախստանը:
Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ դեսպանի հետ խորհրդակցություններին նախարարի տեղակալը մասնակցե՞լ է ու նկատեց․ «Որովհետև ոնց որ թե այդ խորհրդակցությունը բավականին երկար է տևում․ արդեն մոտավորապես երկու տարի: Ուզում եմ իմանալ՝ այդ ի՞նչ հարց է էլի, որ դեսպանը այդքան երկար է խորհրդակցում, որևէ ձևով հնարավոր չի լինում կոմունիկացնել: Դուք ինքներդ որպես ԱՊՀ-ի հետ համագործակցող կառույցի ներկայացուցիչ այդ խորհրդակցություններին մասնակցություն ունեցե՞լ եք, թե՞ չեք ունեցել»:
Զրույցին միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Լավ կլիներ նաև բելառուսական կողմը բացատրեր՝ էդ ո՞նց են մեր դեմ պատերազմի պլանավորմանը մասնակցել, կարող է բացատրեն, խորհրդակցությունը կարճ տևի դրա արդյունքում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ իր ելույթում, Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ որ դեսպանը հետ է կանչվել այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե իրենք Ադրբեջանի հետ միասին պլանավորել են 44-օրյա պատերազմը․ «Խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն չլսենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: