«Այս տեսակ մոտեցումը ինձ ու մեր խմբակցության համար անընդունելի է։ Ինչ է, թե խաղաղության փչած փուչիկը կա, պետք է սակարկել կամ զիջման գնալ այն հարցում, որ մեզ որպես ազգ ու մշակույթ ներկայացվող տարր են։ Սա ավելի շատ հաճո է այսօրվա ադրբեջանական իշխանություններին»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի արձագանքում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի այն տեսանյութին, որտեղ, երբ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի, առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել է, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը», Գառնիկ Դավթյանը պատասխանեց․ «Դժվար է մտնել ՔՊ-ի տրամաբանության մեջ։ Իրենց մոտ այսօրվա խաղաղության օրակարգն այնպիսի մեծ փուչիկ է փչված, որ անգամ չեն կարողանում դրա տակից դուրս գալ։ Էս տեսակ տեղավորումները, որ գիտեք՝ չսրենք, չասենք, զիջենք, մի պարզ բանի մասին են խոսում, որ այս իշխանությունները կամ ունեն վախեր ադրբեջանական իշխանությունների նկատմամբ, կամ էլ չեն կարողանում խոստումների տակից դուրս գալ, որոնք մինչև այդ տվել են։ Հետևաբար այսօրվա վարած քաղաքականությունը բերում է այսպիսի վատ հետևանքների»։
Փաստմանը՝ այն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այցելել էր Տիգրանաշեն, դա Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, որ պատերազմ եք հրահրում, Գառնիկ Դավթյանն այսպես արձագանքեց․ «Վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ անգամ խաչակնքվելն է պատերազմի սպառնալիք, քանի որ ինչպես ՔՊ-ականները կմեկնաբանեն, խաչակնքվելը ոտնահարում է մուսուլմանների հոգևոր արժեքները»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: