«Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա։ Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմություններն Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության մասին։

Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի հայկական պատմության, մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ անընդունելի է։ Անընդունելի է նաև նրանց լռությունը, երբ խեղաթյուրվում են պատմական փաստերը, իսկ Արցախում համակարգված կերպով վերացվում է հայկական հետքը։

Բայց ի՞նչ ենք ակնկալում նրանցից այսօր, երբ այդ պաշտոնյաների երկրներն ու ղեկավարները գործնականում ոչ մի քայլ չարեցին այն ժամանակ, երբ Արցախը շրջափակված էր, չկանխեցին էթնիկ զտումը և այսօր էլ գործուն ջանքեր չեն գործադրում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։

Ուստի պետք է պահանջներն ու սպասելիքները ճիշտ հասցեագրել։

Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Վերջինս իր ժողովրդի պատմությունն է վերաշարադրում այնպես, ինչպես իրեն է հարմար, իսկ առաջինը ոչ միայն չի հակադարձում այդ կեղծիքին, այլև դրան ենթարկվելով՝ վերաձևակերպում է սեփական քաղաքական օրակարգը։

Իսկ Արցախի մշակութային և հոգևոր կոթողները, իհարկե, հայկական են։ Այլ հարց է, որ օրվա իշխանությունները վախենում են բարձրաձայնել անջնջելի իրականությունը մեր պատմական հայրենիքի վերաբերյալ։

Հ.Գ. Նկարը՝ Գանձասարում, 2021թ.»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment