Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը։ Նա այդ մասին ասել է Երևանում, որտեղ սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան, հայտնում է Արմենպրեսը:
Նա ասել է, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր բաղադրիչ են, այլև էական արժեք ունեն Եվրոպական Միության համար։
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Շատ շնորհակալ եմ ընդունող կողմին այս հնարավորությունն ընձեռելու համար և համոզված եմ, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար»,-շեշտել է Գրոնոն։
Նախօրեին Գրոնոն այցելել է Ադրբեջան և Ղարաբաղ, որից հետո սոցցանցում գրառում է կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ նկատի ունի։ Այդ գրառումը Հայաստանում քննադատությունների առիթ է դարձել։
Գործակալության թղթակիցը հետաքրքրվել է, թե ԵՄ հատուկ ներկայացուցիչն ինչպես է մեկնաբանում իր այդ գրառումը, ինչին Գրոնոն պատասխանել է.
«Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից»,-ասել է նա:
Գրոնոն նաև նշել է, որ Եվրամիության համար առաջնային է խաղաղության գործընթացի բոլոր բաղադրիչներին անդրադառնալը։ Նրա խոսքով՝ դրանց թվում են քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերը, ինչպես նաև այնպիսի բարդ թեմաներ, ինչպիսիք են հումանիտար խնդիրներն ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը։
«Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խորը զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,-եզրափակեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտարարել է, որ կճշտի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության վերաբերյալ X-ում հրապարակած գրառման հանգամանքները՝ նշելով, որ ինքը անձամբ տեղյակ չէ դրա բովանդակությունից, հայտնում է Factor.am-ը:
«Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Գործընկերս ինձ հուշեց, որ այս հարցին պետք է հետամուտ լինենք։ Մենք պետք է ուսումնասիրենք այն։ Ես անձամբ տեղյակ չեմ այդ մեկնաբանություններից»,- ասել է նա ճեպազրույցում:
Factor TV- ն մասնավորապես փորձել էր պարզել՝ արդյո՞ք նման այցերին ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունն և նման ձևակերպումներ օգտագործելը նպաստում են հաշտեցմանը, թե՞ դրանք վտանգում են խաղաղությունը՝ կասկածի տակ դնելով հայկական մշակութային ժառանգությունն ու տարածաշրջանում հայերի պատմական ներկայությունը։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին Հաջիևը տարել է Գանձասար և Դադիվանք՝ դրանք ներկայացնելով որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս: