«Գլուխները պատին են տալիս էդպիսի կարծիք հնչեցնողները». Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության նիստից հետո լրագրողները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցին իր ենթակաների՝ կոռուպցիայի մեջ լինելու կասկածանքով ձերբակալությունների մասին, ինչի հետեւանքով կարծիք է ձեւավորվում, թե մարզպետն իրավիճակին չի տիրապետում։ «Գլուխները պատին են տալիս էդպիսի կարծիք հնչեցնողները»,- կտրուկ արձագանքեց պետական պաշտոնյան։

Հարցին, որ փաստացի կաշառքի գործով ասում են, որ վարչության պետը գրախանութ ունի, բոլորին ուղղորդել է, գերթանկարժեք մեքենա է վարում, ինքը որպես մարզի ղեկավար տեղյակ չէ՞, թե ինչով է զբաղված իր ենթակա վարչության պետը, մարզպետը պատասխանեց. «Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ես նախ ուզում եմ, որ դուք այդ ենթատեքստը ձեր հարցերից հանեք, որովհետեւ դուք այդ ենթատեքստերով ուզում եք տպավորություն ստեղծել, ինչը ինձ դուր չի գալիս։ Դա իմ պատվի հարցն է։ Երկրորդը։ Այն, ինչ-որ արել է վարչության պետը կամ մյուսները, որոնք որ ներգրավված են եղել, իրենց արժանի պատիժը կստանան։ Եթե իրենք չեն հասկացել, որ ներկա իշխանության օրոք որեւէ մեկը կոռուպցիայով եթե զբաղվի, ինքը հասնելու է այն հին մարդկանց, որոնք բանտում փտում են, թող իրենք այդպիսի բանով զբաղվեն։

Ես վստահեցնում եմ, որ իրավապահ մարմինները էդպիսի բանով զբաղվող բոլոր պետական աշխատողների հետեւից գնալու են։ Այնպես որ, անկախ նրանից, թե կլինի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում աշխատող, կլինի դպրոցում աշխատող, թե որեւէ պետական համակարգում կամ համայնքային համակարգում աշխատող, թող վստահ լինեն, որ իրենց հետեւից գնալու են»։

Հարցին, թե ուղղակի որպես մարզպետ ինքն իրեն պատասխանատու զգո՞ւմ է, մարզպետը ո՞նց կարող է չիմանալ, թե իր ենթական ինչով է զբաղված, այսինքն` տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարը տեղում չի կամ իրավիճակին չի տիրապետում, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Հիմա դուք եք այդ տպավորությունն ուզում ստեղծել։ Բայց ես ցավում եմ ձեր համար, որովհետեւ դուք սխալ տպավորություն եք ուզում ստեղծել։ Նախ` ասեմ, ինչ-որ կատարվել է, կատարվել է նախընտրական եւ հետընտրական բանի ժամանակ, երբ որ մարզպետը գտնվել է արձակուրդում կամ զբաղված է եղել ընտրություններով։ Այդ ընթացքում է եղել։ Ամեն դեպքում դա է եղել պատճառը, որ իրենք կարողացել են այդպիսի բանի մեջ մտնել։ Մնացած բոլոր ժամանակներում ես չեմ պատկերացնում, որ իրենք ինչ-որ բանի մեջ կմտնեն։ Իհարկե, վստահ էլ չեմ, որ այդպիսի բան կարող է եղած չլինի։ Բայց ամեն դեպքում ես ինքս օգնելու եմ, որ ամեն ինչ բացահայտվի եւ բոլոր նմանատիպ բաներով կամ ոչ իրենց պաշտոնին հարիր գործողություններով զբաղվողներով զբաղվեն իրավապահ մարմինները»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment