Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդի է հանվում

Արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա կրել էր Լոնդոնում կայացած երեկույթի ժամանակ, երբ հեռարձակվել էր վավերագրական ֆիլմը, որի ընթացքում այն ժամանակվա արքայազն Չարլզը խոստովանել էր, որ ամուսնության ընթացքում դավաճանել է կնոջը, աճուրդի է հանվելու։ 1994 թվականին Դիանայի հայտնվելը «Սերպանտին» պատկերասրահում դարձավ պոպ մշակույթի խորհրդանշական դրվագ։ Նա կրում էր դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի կողմից իր համար հատուկ պատրաստված սև մետաքսե երեկոյան զգեստը։ ԶԼՄ-ները զգեստն անվանեցին «վրեժի զգեստ»։ Sotheby’s աճուրդի տունը ակնկալում է, որ դեկտեմբերի 9-ին զգեստը կվաճառվի մինչև 220 հազար ֆունտ ստեռլինգով՝ մոտ 300 հազար դոլարով։

Sotheby’s-ի հաղորդագրության համաձայն՝ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ զգեստը ներկայացվում է աճուրդի։ Այդ տարի արքայադուստրը բարեգործական նպատակներով վաճառել էր իր 79 զգեստները։ Sotheby’s-ի տվյալներով՝ Դիանայի այն ժամանակվա ոճաբան Աննա Հարվին ասել էր, որ արքայադուստրը «ցանկանում էր միլիոն դոլարի տեսք ունենալ»։ Դրամահավաք-ընթրիքից առաջ արքայադուստրը վերջին պահին փոխել էր հագուստը և ընտրել հույն դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի՝ ուսերը բաց սև երեկոյան զգեստը։ Այն նա համադրել էր թագավորական զարդի, սև պայուսակի և սև բարձրակրունկների հետ։ Սա առաջին դեպքը չէ, երբ արքայադուստր Դիանայի զգեստապահարանից որևէ իր վաճառվում է բարձր գնով։

Leave a comment