2026 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է ազատազրկված Արսեն Գևորգյանը։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նոյեմբերի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արման Սահակյանը և խմբի անդամ Շուշան Խնկոյանը այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։
Այցի ընթացքում Դիտորդների խմբի անդամները հանդիպել և զրուցել են հիմնարկի պետի, մահացած անձի խցակիցների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց հետ՝ փորձելով պարզել մահվան դեպքին նախորդած հանգամանքները։
Խմբի անդամներին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Գևորգյանը նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել։ Սակայն մահվան օրը՝ նոյեմբերի 10-ի առավոտյան, վերջինս գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից։ Ըստ խցակիցների փոխանցած տեղեկությունների՝ նրանք դիմել են հիմնարկի աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով։ Ստացված տեղեկատվության համաձայն հիմնարկի աշխատակիցները կանչել են հերթապահ բուժակին, ով զննել է Արսեն Գևորգյանին, այնուհետև շտապ բժշկական օգնություն է կանչվել։ Խմբին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ շտապօգնության անձնակազմի ժամանման պահին Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։
Դիտորդների խմբի անդամները ցանկացել են ուսումնասիրել նաև մահացած անձի բժշկական փաստաթղթերը, սակայն դրանք չեն տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ պարունակում են բժշկական և արդեն նաև նախաքննական գաղտնիք։
Խմբի անդամները կապ են հաստատել նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից հայտնել են, որ բժշկական փաստաթղթերը չեն կարող տրամադրվել, քանի որ Խումբը չունի անձի՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ գրավոր համաձայնությունը։
Սույնի վերաբերյալ Դիտորդների խումբը նաև բազմիցս բարձրաձայնել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության հետ կապված խնդիրները, որոնք էական խոչընդոտներ են ստեղծում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի նկատմամբ արդյունավետ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։
Տվյալ դեպքում խնդիրը հատկապես մտահոգիչ է, քանի որ խոսքը մահացած անձի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության մասին է։ Ակնհայտ է, որ Դիտորդների խումբը չէր կարող նախապես տեղեկացված լինել անձի մահվան մասին և մինչև նրա մահը ստանալ համապատասխան գրավոր համաձայնությունը։ Միաժամանակ, անձի մահից հետո նման համաձայնություն ստանալն այլևս հնարավոր չէ։
Ստեղծված իրավիճակում բժշկական գաղտնիքի պահպանման պահանջը փաստացի խոչընդոտում է մահվան հանգամանքների ուսումնասիրությանը և թույլ չի տալիս Դիտորդների խմբին իր իրավասությունների շրջանակներում գնահատել՝ արդյոք անձին տրամադրվել է անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն։
Դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին՝ մասնավորապես անդրադառնալով բժշկական օգնության և սպասարկման պատշաճ որակի, ժամանակին և անխոչընդոտ հասանելիության, մասնագիտացված բուժօգնության կազմակերպման, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման հետ կապված թերություններին։
Դիտորդների խումբը կարևորում է ազատազրկված անձանց մահվան յուրաքանչյուր դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ ուսումնասիրությունը, այդ թվում՝ մահվանը նախորդած ժամանակահատվածում անձի առողջական վիճակի, անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիության և դրա պատշաճ տրամադրման հանգամանքների պարզումը։
Խումբը շարունակելու է հետևել դեպքի առնչությամբ իրականացվող գործընթացներին և իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ մահվան հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: