Այս տարվա դեկտեմբերից Wizz Air–ը 3 նոր ուղղություն կգործարկի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Wizz Air–ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինը։
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերից կգործարկվեն 3 նոր ուղղություններ, որոնք մինչ այս պահը չեն սպասարկվել Երևանից. Շվեյցարիա` Բազել, Բուլղարիա` Վառնա, և Իսպանիա` Վալենսիա։
Թռիչքները կիրակացվեն հետևյալ կերպ` շաբաթական 3 անգամ Երևանից դեպի Բազել, շաբաթական երկու անգամ դեպի Վալենսիա և 2027 թ. հունիսի 6–ից` դեպի Վառնա։
Ի դեպ, կավելանա թռիքչների հաճախականությունը դեպի Պրահա` հասնելով շաբաթական 5 անգամի և Գերմանիայի Մեմինգենի օդանավական` հասնելով շաբաթական 4 անգամ թռիչք։
Մալինի խոսքով` այս թռիչքները կիրականացվեն այն ժամանակ, երբ Wizz Air–ի 4–րդ օդանավը դեկտեմբերի 17–ից հետո բազավորվի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
«4–րդ օդանավի ավելացումը նշանակում է 45 ուղղակի աշխատատեղի ավելացում, 450 անուղղակի աշխատատեղի ավելացում, 20–25 մլն դոլարի ազդեցություն ՀՆԱ–ի վրա։ Սա տնտեսական մեծ ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա»,–նշեց նա։
Մալինն ասաց, որ իրենց ընկերությունը Եվրոպայի արագ զարգացող ավիաընկերություններից մեկն է, Կենտրոնական Եվրոպայի շուկայում ամենից մեծ մասնակցություն ունեցող ընկերություններից մեկը, որի ավիապարկը մեծանում է և այս տարի կմոտենա տարեկան մոտ 100 մլն ուղևորահոսքի։
Նրա խոսքով` Wizz Air–ը բազավորվում է 44 օդանավակայանում։ 270 օդանավերի մեծ մասը «Ա 321» տեսակի են, որոնք ունեն վառելիքի մեծ տնտեսում և բնապահպանական առումով մեծ նշանակություն ունեն։ Ընկերությունն ունի 2 մլրդ եվրոյի խնայողություններ և Եվրոպայում առաջին տեղում է ամենաքիչ վառելիքային ծախսի ցուցանիշով։