Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել

Քաղաքականություն

08.09.2026 | 17:42

Ռուսաստանի Սարատովի մարզում զինծառայողի սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Մոլդովայի 21-ամյա քաղաքացի Նիկոլայ Կոչուն։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեն և ԱԴԾ-ն։

Ըստ քննության վարկածի՝ նա 2026 թվականի գարնանը, գտնվելով Ուկրաինայում, համաձայնել է 70 հազար դոլար վարձատրության դիմաց սպանություն կատարելու առաջարկին։ Նշվում է, որ նա անցել է համապատասխան պատրաստություն և այլ երկրների տարածքով տարանցիկ ճանապարհով ժամանել է Ռուսաստան, որտեղ իր կուրատորներից ստացել է հրահանգներ, ինչպես նաև տեղեկություններ զինվորականի ինքնության և նրա բնակության վայրի վերաբերյալ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Սարատովում նա ձեռք է բերել քողարկման և տեղաշարժվելու միջոցներ, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Էնգելսի շրջանի Պրոբուժդենիե բնակավայրում առնվազն վեց անգամ կրակել է զինծառայողի ուղղությամբ։ ԱԴԾ-ն հայտնել է, որ նա ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտոցիկլետով անհայտ անձը կրակել է տղամարդու գլխին և որովայնին Պրոբուժդենիե գյուղում:  Supernova+ և Досье шпиона» տելեգրամ ալիքները հայտնել էին, որ տուժածը գեներալ-մայոր Նիկոլայ Վարպախովիչն է, որը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի 22-րդ ծանր ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարն է։

Վարպախովիչը կասկածվում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարծում է, որ նա է ղեկավարել Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի և Դոնեցկի մարզում  Reuters-ի լրագրողների վրա հարվածը: Քննության  տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 8-ին նա հրամայել է հրթիռային հարված հասցնել հիվանդանոցին, որտեղ գտնվում էր ավելի քան 600 մարդ: Երկու մարդ զոհվել էր, տասնյակները՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment