«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում երկու նոր գործընկերային «Ռուսական տուն» կբացի՝ Արտաշատում և Աշտարակում։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Իգոր Չայկան սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում ստորագրել է 11 նոր գործընկերային «Ռուսական տների» բացման վերաբերյալ համաձայնագրեր, հայտնում է Reporters-ը:
Մինչ այդ ցանցը միավորել է 22 երկրում գործող 25 գործընկերային «Ռուսական տուն»։ Նոր համաձայնագրերի ստորագրմամբ ցանցը մեկ օրվա ընթացքում գրեթե կիսով չափ ընդլայնվել է։ Նոր հարթակները կսկսեն գործել Հայաստանում, Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիեռա Լեոնեում, Թաիլանդում և Տոգոյում։
«Մենք ոչ միայն նոր գործընկերային «Ռուսական տներ» ենք բացում, այլև էականորեն փոխում ենք հենց ծրագիրը։ Բարձրացնում ենք աշխատանքի ինտենսիվությունն ու վերահսկողության աստիճանը և, ամենակարևորը, ներդնում ենք որակի գնահատման համակարգ։ Ակնկալում ենք մեր գործընկերների ավելի մեծ ներգրավվածություն և կոնկրետ արդյունք՝ ռուսաց լեզվի, ռուսական կրթության, գիտության և մշակույթի առաջմղման, պատմական, երիտասարդական, մարդասիրական և այլ նախագծերի իրականացման գործում», — հայտարարել է Չայկան։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Աֆրիկային․ 11 նոր հարթակներից ութը բացվելու են հենց Աֆրիկյան մայրցամաքում։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հայտնել է, որ տարբեր երկրներից բազմաթիվ առաջարկներ է ստացել գործընկերային «Ռուսական տներ» բացելու վերաբերյալ։ Միայն վերջին ամիսներին նման նախաձեռնություններ են քննարկվել Բահրեյնի, Եմենի և Օմանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» գործարկել է միկրոդրամաշնորհների համակարգ Ռուսաստանի արժեքները կիսող հայրենակիցների և օտարերկրացիների համար։