Կրկին ռումբի ահազանգեր՝ եվրոպական մի շարք չվերթների վերաբերյալ

Եվրոպայում մի շարք չվերթներ կրկին ռումբի սպառնալիքներ են ստացել, այդ թվում՝ դեպի Պրահա և Սոֆիա թռչող ինքնաթիռները:

Այս շաբաթ Եվրոպայում մի շարք չվերթներ կեղծ ահազանգերի թիրախ են դարձել։

Պրահայի օդանավակայանի մամուլի խոսնակ Դենիսա Հեյտմանկովան Ֆրանս Պրեսին հայտնել է, որ այսօր էլ ռումբի սպառնալիքներ են ստացել Պրահա ժամանող չորս և Պրահայից մեկնող հինգ չվերթների վերաբերյալ։

«Սպառնալիքները վերաբերում են Դանիայից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից ժամանող երկու չվերթների։ Իսկ մեկնող չվերթները նախատեսված են դեպի Նիդերլանդներ, Կիպրոս, Ռումինիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա»,- ասել է նա։

Օդանավակայանի ղեկավարությունը և Չեխիայի ոստիկանությունը հրաժարվել են մանրամասներ հայտնել թիրախավորված չվերթների մասին։

Բուլղարիայի տրանսպորտի նախարարության խոսնակը Ֆրանս Պրեսին հայտնել է, որ ռումբի մասին ահազանգեր են ստացել նաև Սոֆիա մեկնող երկու չվերթների վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանից և Բրյուսելից ժամանած երկու ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել։

Պորտուգալիայի ոստիկանությունը հայտնել է, որ սպառնալիքի թիրախ է դարձել նաև Լիսաբոնից Հռոմ մեկնող Ryanair ավիաընկերության չվերթը։

Այս շաբաթ Եվրոպայում տասնյակ ուղևորատար չվերթներ կեղծ ահազանգերի թիրախ են դարձել։ Դրանց հետևանքով իշխանությունները ստիպված են եղել փոխել որոշ ինքնաթիռների երթուղիները կամ քաղաքացիական օդանավերին ուղեկցել կործանիչներով։

Oդանավակայաններում անվտանգության ստուգումներ են, առայժմ սպառնալիքներից ոչ մեկը չի հաստատվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment