AQUATECH-ի նպատակն է՝ բարձրացնել ակվակուլտուրայի կայունությունն ու արտադրողականությունը

Հայաստանը միացել է AQUATECH՝ «Կայուն ակվակուլտուրայի արտադրության համար համատեղ ջանքեր՝ տեխնոլոգիական առաջընթացի միջոցով» նախագծին: Այն իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin ծրագրի շրջանակում և միավորում է 6 կազմակերպություն՝ Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից։ Հայաստանի գործընկերը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնն է։

Ծրագրի համակարգող Սոնա Խոջոյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ծրագրի մանրամասները. ինչպե՞ս ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության օգնությամբ ակվակուլտուրան դարձնել ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն, և ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ:

«Սևծովյան ավազանի ծովային տարածքները բախվում են շրջակա միջավայրի դեգրադացման, ակվակուլտուրայի ոչ կայուն գործելակերպերի և ոլորտի տնտեսական անկայունության հետ կապված լուրջ մարտահրավերների, այդ տարածքներում առկա է ջրի աղտոտվածություն, ինչը սպառնում է ինչպես ջրային էկոհամակարգերի առողջությանը, այնպես էլ տեղական համայնքների կենսապահովման հնարավորություններին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում ծրագիրն իրականացվելու է ձկնաբուծարանների մասշտաբով, հիմնական գաղափարն է՝ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, գիտական տվյալները և տարածաշրջանային համագործակցությունը՝ ակվակուլտուրան ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն դարձնելու համար:

«AQUATECH-ի ընդհանուր նպատակն է բարձրացնել ակվակուլտուրայի կայունությունն ու արտադրողականությունը Սևծովյան ավազանի ծրագրի իրականացման տարածքում՝ ներդնելով շրջակա միջավայրի մոնիթորինգի առաջադեմ տեխնոլոգիաներ, խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունը և տարածելով լավագույն գործելակերպերը»,- նշել է բանախոսը։

Նա հավելել է, որ նախագծի նախատեսվող մոտեցումը հիմնված է տեխնոլոգիական նորարարության, շահագրգիռ կողմերի ներգրավման և կարողությունների զարգացման համադրության վրա։

Ծրագրի տևողությունը 30 ամիս է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment