ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը, թե Երեւանը շուտով կարող է պաշտոնական դիմում ներկայացնել Եվրոմիությանն անդամակցելու համար, օգոստոսի 26-ին անդրադարձել է ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» թերթը: Հայաստանը, ըստ հրապարակման, վաղուց է ձգտում պահպանել լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ իր եվրոպացի գործընկերների հետ: Իսկ նշված հայտարարությանն ի պատասխան՝ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստ է «հետաքրքրությամբ» քննարկել այդ դիմումը: Ֆրանսահայ քաղաքագետ, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի վերլուծաբան Տիգրան Եկավյանի կարծիքով, որի հետ զրուցել է թերթի թղթակիցը, Հայաստանի համար այս հեռանկարը պատրանքային է:
«Եվրոմիությունը չունի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին իր շարքերն ընդունելու մտադրություն,- ասել է Եկավյանը:- Սա պատրանք է: Սակայն ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանին օգտագործել Ռուսաստանի հետ նոր դիմակայության մեջ: Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչ-որ բանով հիշեցնում է Մոլդովայի իրավիճակը՝ սրված սառը պատերազմ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի միջամտությամբ»:
Ինչո՞ւ է քաղաքագետը կարծում, որ Հայաստանի Եվրոմիություն ընդունվելը անիրատեսական հեռանկար է:
«Հայաստանը,- նկատում է նա,- սկսել է փոխել իր արտաքին-քաղաքական կողմնորոշիչները, բայց չի կարող արագ փոխել իր տնտեսության աշխարհագրությունը: Այն ծով ելք չունեցող երկիր է: Այն ընդհանուր սահման չունի Եվրոմիության հետ: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 35%-ը, այն դեպքում երբ ԵՄ-ինը ընդամենը 8% է: Հայաստանն իր գազի ավելի քան 85%-ը ներմուծում է Ռուսաստանից»:
Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, մեր հայրենակից փորձագետի գնահատմամբ, հաճախ դատում են չափազանց պարզեցված. իբր մի կողմում արեւմտամետ, ժողովրդավարամետ կառավարությունն է, իսկ մյուս կողմում՝ ռուսամետ ընդդիմությունը, որը մոտ է ինքնակալական վարչակարգերին: Անշուշտ, ընդդիմությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ եւ վրացական մոդելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը: Սակայն այն հանդես չի գալիս Եվրոպայի հետ հարաբերություններն ամբողջովին խզելու օգտին:
Ինչ վերաբերում է կառավարությանը, նրանք, ըստ նույն գնահատման, բնավ էլ համոզված դեմոկրատներ չեն. Հայաստանում առկա են իրավական պետության սկզբունքներից նահանջի բացահայտ նշաններ: Փաստացի իրավիճակը լուրջ տագնապ է հարուցում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստանը դեռ ձեռք չի բերել իրական քաղաքական կայունություն: Ե՛վ կառավարությունը, ե՛ւ ընդդիմությունը խաղարկում են այս արհեստական աշխարհաքաղաքական բեւեռացումը, որն ամենեւին չի նպաստում կայունությանը: Սա հեռու է 2010-ականների իրավիճակից, երբ Հայաստանը վարում էր փոխլրացման քաղաքականություն՝ ձգտելով լավ հարաբերություններ պահպանել բոլորի՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպայի հետ:
Ինչո՞վ է արտահայտվում իրավական պետության սկզբունքներից վերը նշված նահանջը:
«Քանի որ Ռուսաստանն իրեն չի արդարացրել որպես Հայաստանի պաշտպան Ադրբեջանի դեմ, Նիկոլ Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից՝ հստակ շրջադարձ դեպի Արեւմուտք, մյուս կողմից՝ նահանջ իրավական պետության սկզբունքներից,- նշում է քաղաքագետը:- Հաճախանում են ընդդիմադիր գործիչների կամայական ձերբակալությունները, ընկնում է վստահությունը դատարանների անկախության նկատմամբ: Այս ամենն ուղեկցվում է ինքնիշխանության ընդգծված հռետորաբանությամբ եւ հակառուսական տրամադրություններով: Մոսկվայի հետ կապեր ունեցող օլիգարխները դառնում են իսկական «վհուկների որսի» զոհեր: Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության նախկին նախագահը, որը ռուսամետ հայացքներ ունի եւ Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոս է, կրկին ձերբակալվեց: Կառավարությունը մտադիր է ազգայնացնել էլեկտրաէներգետիկան եւ երկաթուղիները… Մի խոսքով, ամեն ինչ արվում է Հայաստանում ռուսական շահերին վնասելու եւ Մոսկվային զայրացնելու համար»:
Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: