Սլովակիան դեմ է լինելու գլխավոր հարցերի քննարկման ժամանակ վետոյի իրավունքը սահմանափակելու՝ Եվրամիության առաջարկին: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ բուլղարացի գործընկեր Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո։
Վետոյի իրավունքը կարմիր գիծ է, մենք չպետք է Բրյուսելից հրամաններ ստանանք։ Հենց վետոյի իրավունքն է երաշխավորում Եվրամիության կենսունակությունը»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը:
Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն հրաժարվի այդ իրավունքից, կազմակերպությունը կկորցնի փոխզիջումային որոշումներ կայացնելու հնարավորությունը: «Այդ պատճառով վետոն չի կարելի սահմանափակել»,- ընդգծել է Ֆիցոն:
Մայիսի 27-ին The Guardian-ը հաղորդել էր, որ ԵՄ-ն քննարկում է նոր անդամների համար վետոյի իրավունքի սահմանափակման հարցը: Թերթի տվյալով՝ նման մեխանիզմ կարող է ներդրվել, երբ Չեռնոգորիան, որը համարվում է անդամակցության ամենահավանական թեկնածուներից մեկը, միանա դաշինքին: Այդ պրակտիկան այնուհետև կարող է տարածվել ԵՄ-ին միացող մյուս երկրների վրա։
Ապրիլի 7-ին Politico-ն հաղորդել էր, որ Եվրամիության ավելի շատ երկրներ են հանդես են գալիս որոշումների ընդունման մեխանիզմի վերանայման օգտին, որը մեկ պետությանը հնարավորություն է տալիս արգելափակել ամբողջ միավորման նախաձեռնությունները: Գործակալության տվյալներով՝ այդ խումբը գլխավորում են Գերմանիան և Շվեդիան։