«Երբ տարբեր միջազգային կազմակերպություններ ՀՀ ժողովրդավարության նահանջն արձանագրում են, և ՀՀ-ն դիտարկվում է որպես կիսաազատ, հիբրիդային երկիր, որտեղ իշխանության ճյուղերը կենտրոնացած են մեկ մարդու ձեռքին, սա նշանակում է` դատական համակարգի մոնիտորինգը պատկեր ունի, և այդ գնահատականը կա»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու միջազգային կառույցները չեն արձագանքում կամ համարժեք չեն արձագանքում, երբ ՀՀ-ում ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում։
Արդեն շուրջ վեց ժամ է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։
Հարցին՝ ընդդիմությունն անելիք չունի՞, Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Իմ հանձնառության շրջանակում է շարունակել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեր երկխոսությունը՝ ամենօրյա ռիթմով ներկայացնելու ՀՀ-ի պատկերը՝ մասնավորապես մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Ցավոք, այսօր աշխարհաքաղաքական երկակի ստանդարտների և քաղաքական նպատակահարմարության շրջանակում է աշխարհը ապրում, երբ շատ եվրոպական կառույցներ աչքերը փակում են այս ամենի նկատմամբ, և մաքուր քաղաքական շահերը շատ ավելի առաջնային են, քան մարդու իրավունքների պաշտպանությունը»։
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: