Սոցիալական ցանցերը լեցուն են անհանգստություններով, թե ընթերցանության մշակույթը վերանում է։ Սակայն Barnes & Noble-ի և այլ աղբյուրների տվյալները հակառակն են ապացուցում։
Եթե շատ ժամանակ անցկացնեք սոցիալական ցանցերում, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե գրքի նվիրյալ ընթերցողները ԱՄՆ-ում դարձել են անհետացող տեսակ, գրում է Inc.com-ը։
Պլատֆորմները լի են մարդկանց բողոքներով, որ իրենց ուշադրության կենտրոնացումը վատացել է, և նրանք այլևս չեն կարողանում ավարտին հասցնել որևէ գիրք։ Աղմկոտ հոդվածները կանխատեսում են ընթերցանության դարաշրջանի մոտալուտ ավարտը, իսկ մտավորականները մտահոգված են, որ մենք մտնում ենք «հետգրագիտության» (post-literate) փուլ, որտեղ տեղեկատվությունը ստանում ենք միայն փոդքասթներից և տեսանյութերից։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է կարծել, թե գրքավաճառների համար հիմա ամենամութ ժամանակներն են։ Սակայն պարզվում է՝ Ամերիկայի խոշորագույն գրախանութների ցանցի համար սա իսկական վերելքի շրջան է։
Դեռևս 2019 թվականին Barnes & Noble ընկերությունը արագորեն փակում էր իր խանութները, իսկ դրա շուկայական արժեքը գահավիժում էր։ Ընդամենը յոթ տարի անց ընկերությունն ընթանում է այս տարի ևս 60 նոր խանութ բացելու ճանապարհով՝ գրանցելով բիզնեսի ժամանակակից պատմության ամենատպավորիչ վերելքներից մեկը։
Արդյո՞ք ընթերցանությունը իսկապես անկում է ապրում
Արդյո՞ք սա նշանակում է, որ խելացի կառավարումը ճանապարհ է գտել հաջողության հասնելու՝ հակառակ նրան, որ Ամերիկան զանգվածաբար հրաժարվում է գրքերից։ «Ո՛չ», — վերջերս The New Yorker-ին տված հարցազրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն (CEO) Ջեյմս Դոնթը (James Daunt)։ Չնայած համացանցային տարածված կարծիքներին՝ այն պնդումը, թե Ամերիկայում գիրք ընթերցելը կտրուկ անկում է ապրում, պարզապես «հիմարություն է», ընդգծում է նա։
Արդյո՞ք Ջեյմս Դոնթը ճիշտ է։
Նրա ընկերության ակտիվ ընդլայնումը հաստատապես վկայում է այդ մասին։ Լրագրող Նեյթան Հելերը, ուսումնասիրելով Դոնթի գործունեությունը, լավատեսության հիմքեր է գտել։
«Կրթական առաջադիմության ազգային գնահատման» (NAEP) տվյալները, որոնք հավաքագրվում են 1971 թվականից, ցույց են տալիս, որ ավագ դպրոցի շրջանավարտների ընդամենը 35 տոկոսն ունի խորքային ընթերցանության բավարար հմտություններ։ Սա, թվում է, հաստատում է էկրաններից առաջացած մտավոր անկման մասին ահազանգերը։ Սակայն, ինչպես նշում է Հելերը, նույն ցուցանիշը 2016 թվականին կազմում էր 37 տոկոս, իսկ 1992 թվականին՝ 40 տոկոս։ Այսինքն՝ խնդիրը տասնամյակներով նախորդում է iPad-ների ի հայտ գալուն։
Բացի այդ, The New York Times-ում Դեյվիդ Ուոլես-Ուելսը նշում է, որ «Ամերիկյան ժամանակի օգտագործման հետազոտության» համաձայն՝ 15 տարեկանից բարձր ամերիկացիները 2003 թվականին օրական միջինում ընթերցել են 21.9 րոպե, իսկ 2025 թվականին՝ 16.2 րոպե։ Անկում կա, բայց այն հեռու է աղետալի լինելուց, ընդ որում՝ անկումը հիմնականում տարեց բնակչության հաշվին է։ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում օրական ընթերցանության ժամանակը տասնամյակներ շարունակ տատանվում է 8․5-ից 12 րոպեի սահմաններում․ անցյալ տարի այն կազմել է 10 րոպեից մի փոքր ավելի։
Barnes & Noble-ը միակը չէ, որ հաջողություն է գրանցում․
«Գրքերի վաճառքը անկում չի ապրում, այլ գտնվում է ռեկորդային բարձր մակարդակի վրա․ այսօր տարեկան ավելի շատ գիրք է վաճառվում, քան մեկ տասնամյակ առաջ։ Իսկ երկրում անկախ գրախանութների թիվը 2020 թվականից ի վեր աճել է 70 տոկոսով»։
Ինչո՞ւ է բարձրացել այս աղմուկը
Եթե տվյալները աղետալի չեն, ապա որտե՞ղ է խնդիրը։
-
Տպագիր vs Թվային. Թղթային գրքերի սպառումը մի փոքր նվազել է, սակայն էլեկտրոնային (e-books) և աուդիոգրքերի սպառումն աճել է և այժմ կայուն մակարդակի վրա է։ Երբ հաշվի են առնվում ընթերցանության բոլոր ձևաչափերը, ընդհանուր միտումը ոչ թե ընկնում է, այլ մնում է կայուն։
-
Ընթերցանության ժանրերը. Մարդիկ այժմ քիչ են կարդում դասական գրականություն։ Փոխարենը, հրատարակչական շուկայում ամենապահանջված ժանրերից է դարձել «ռոմանտեզին» (romantasy — ռոմանտիկայի և ֆենթեզիի համադրությունը)։ Դա գուցե դուր չգա գրականության ավանդական սիրահարներին, բայց միևնույն է՝ համարվում է գրքի ընթերցանություն։
«Անալոգային վերածնունդ» (Analog Renaissance)
Երիտասարդ սերունդը, ինչպես նշում է BookTok-ի ակտիվ օգտատերերից մեկը, «սոված է այնպիսի բովանդակության, որը էկրաններին կամ հեռախոսների մեջ չէ»։
Ցուցանիշները փաստում են, որ օֆլայն և ֆիզիկական իրերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ վերելք է ապրում․
-
Վինիլային ձայնասկավառակների վաճառքը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին։
-
Առանց հեռախոսների (phone-free) միջոցառումների հաճախելիությունը Eventbrite-ի տվյալներով աճել է մոտ 1000 տոկոսով (ճշգրիտ՝ 913%):
-
Ձեռագործության և հոբբիի ապրանքների վաճառքը նույնպես աճում է։
Գրքերը ոչ միայն չեն մեռնում, այլև ապրում են իրենց վերածնունդը, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում փախչել թվային էկրանների քաոսից և վերագտնել կապը ֆիզիկական աշխարհի հետ։ Սա լավ նորություն է գրախանութների համար, ինչպես նաև մեծ հնարավորություն այն ձեռներեցների համար, ովքեր կարող են օգտվել «անալոգային վերածննդի» ընձեռած հնարավորություններից։