«Մեր փառապանծ բանակը պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց հաջողության հասնելու հնարավորություն ենք տալիս նաև դիվանագիտությանը»․ Իրանը պատրաստ է շարունակել քննարկումները միջնորդների հետ

Իրանը դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս, բայց նրա զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել հայրենիքը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր փառապանծ բանակը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս դիվանագիտությանը։ Շարունակում ենք սերտ շփումները միջնորդների հետ՝ քննարկելու գաղափարները, որոնք հնարավորություն կտան իրագործել մեր 7-օրյա պլանը (Թեհրանի կողմից առաջ քաշված դիվանագիտական և ռազմավարական նախաձեռնություն-խմբ․)՝ մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում»,- գրել է Իրանի արտգործնախարարը՝ X-ի իր էջում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է 7-օրյա պլան՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները, վերաբացելու Հորմուզի նեղուցը և վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իրանի այս ծրագրի պայմանները, ինչպես նշել էր ԻԻՀ արտաքին գործերի նախարարը, մոտ են հունիսին Իրանի և ԱՄՆ-ի կնքած հուշագրին, որը կարճ ժամանակով ապահովեց կրակի դադարեցումը, սակայն Իրանի դեմ ագրեսիայի նոր ալիքի հետևանքով փլուզվեց հուլիսին։

Leave a comment