Դավիթ Սանասարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բողոքը ներկայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արփինե Գեւորգյանն «Ա1+»-ին հայտնեց, որ, ի տարբերություն առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանը խնդրահարույց ձեւակերպումներ է նշել, ինչն էլ հիմք է հանդիսացել բողոք ներկայացնելու համար։
Այս պահին պաշտպանական կողմն այլ մանրամասներ չի ցանկանում ներկայացնել։
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նախորդ տարվա մայիսի 29-ին արդարացրել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրվող Դավիթ Սանասարյանին: Վերաքննիչ բողոք ներկայացրել է Դատախազությունը։
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը եւս արդարացրել էր Դավիթ Սանասարյանին։ Նա մեղադրվում էր իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել 2019 թ ապրիլից։ Նա բազմիցս հայտարարել էր, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում եւ չի ընդունում մեղադրանքը։