Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններին

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում՝ Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

 

«Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում առաջին անգամ տեղի կունենան Ուկրաինայի շուրջ բովանդակային խաղաղ բանակցություններ՝ եվրոպական կողմի մասնակցությամբ»,- ասել է Մերցը Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

 

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Գերմանիայի կանցլերը նշել է, թե ճիշտ կլինի՝ բանակցություններին մասնակցի Եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։

 

 Ըստ Մերցի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կա, սակայն հակամարտության լուծման մասին խոսելը դեռ վաղ է։  

 

Հիշեցնենք՝ երեկ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նույնպես ակնարկել էին, որ Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։

 

Այսօր էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունների նոր փուլը կարող է մոտ ապագայում մեկնարկել։ Ինչ վերաբերում է բանակցություններին Եվրոպայի ներգրավվածությանը, ապա Կրեմլի ներկայացուցիչը նշել է՝ իրենք պատրաստակամ են Արևմուտքի հետ երկխոսել, սակայն բանակցություններին Արևմուտքի ներգրավվածության մասին որոշում կընդունվի միայն այն դեպքում, եթե Եվրոպան դրսևորի խաղաղ գործընթացին նպաստելու անկեղծ ու իրական դիրքորոշում։

Leave a comment