«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել

Factor TV-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում կայանալիք ընտրություններին կմասնակցի 4 քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Բացի այդ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատել է կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԸԸՀ-ն «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փաստաթղթերում թերություններ էր հայտնաբերել։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Պալաչ» մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանը։ Factor TV-ն պարզել էր, որ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կուսակցությանը 48 ժամ է տրամադրել թերությունները վերացնելու համար։ Սահմանված ժամկետը լրացել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին։

Factor TV- ի հետ զրույցում ՔԺԿ-ի ղեկավար Լեւոն Շիրինյանը հայտնեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են, ընտրական ցուցակն անփոփոխ է մնացել։ Արթուր Հարությունյանը շարունակում է այն գլխավորել։

Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով էր ներկայացրել նոյեմբերի 8-ին։ Դրանց ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ ընտրական ցուցակի առաջին համար Արթուր Հարությունյանի և 49-րդ համար Տիգրան Գևորգյանի փաստաթղթերում բացակայում են լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքները։ Լիազոր մարմնի տեղեկանքը պետք է հավաստի, որ թեկնածուն հաշվառված է համայնքի բնակչության ռեգիստրում։ Հանձնաժողովը թերություններ էր արձանագրել նաև կուսակցության կանոնադրության պատճենի և ընտրական ցուցակի ձևակերպման մեջ։ Մասնավորապես, ներկայացված փաստաթղթերի ոչ բոլոր էջերն են կնքված և ստորագրված եղել կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հնարավորություն էր տվել լրացնելու բացակայող փաստաթղթերը և շտկելու արձանագրված անճշտությունները։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե սահմանված ժամկետում կուսակցությունը չվերացներ ընտրական ցուցակի թերությունները, դրա գրանցումը կմերժվեր։ Իսկ եթե չլրացվեին առանձին թեկնածուների փաստաթղթերը, կմերժվին տվյալ թեկնածուների գրանցումը, և նրանց անունները կհեռացվեին ցուցակից։

Հիշեցնենք՝ Արթուր Հարությունյանն Աբովյանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ։ Նա գլխավորում է Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը։ «Պալաչ» մականունով հայտնի գործարարը նախկինում ևս փորձել է ընտրվել Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնում։ 2015 թվականին նա մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն չի հաղթել։ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նախկինում եղել է նրա մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց միջև սուր հակասություններ են ի հայտ եկել։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment