Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Այս մասին փետրվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես նաև հպարտությամբ եմ հայտարարում, որ ես առաջիններից մեկն էի, ով թռավ Թրամփի ուղու վրայով, որը կկապի Ադրբեջանի երկու մասերը։ Մենք հույս ունենք, որ սա կխթանի տնտեսական համագործակցությունը, բնական պաշարների և կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցությունը և կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև այս պատմական խաղաղության համաձայնագրի ամրապնդմանը»,- ասաց ԱՄՆ փոխնախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ TRIPP-ի շնորհիվ վերացվել են Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, սկսվել է նավթամթերքի արտահանում, ինչն առևտրի և համագործակցության հիմք է հանդիսանում։
«Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը Թրամփի ուղին է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով»,- ասաց Իլհամ Ալիևը։
Ալիևը և Վենսը Բաքվում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:
Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսպիսով թևակոխում են բոլորովին նոր փուլ: Վենսն էլ նշել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ:
«Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», – հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
The post Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է․ Վենս appeared first on CIVILNET.