Քաղաքականություն
16.10.2026 | 12:44
Երևանում ընթացող Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ զինված հակամարտությունները ոչ միայն թիրախավորում են մարդկային կյանքերն ու տնտեսական ենթակառուցվածքները, այլև դիտավորյալ ոչնչացնում են անտառները, ջրային ռեսուրսներն ու էկոհամակարգերը՝ արտանետելով վտանգավոր քիմիական նյութեր և ծանր մետաղներ։
«Ինչ որ մեր տարածաշրջանում դրսևորվում է ագրեսիվ պատերազմների հետևանքով, դա բնապահպանական ցեղասպանություն է, որը պետք է աներկբայորեն դատապարտել։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը արդյունավետ, թափանցիկ և կիրարկելի մեխանիզմներ կներդնի, որպեսզի պաշտպանի մեր բնական միջավայրն ու կենսաբազմազանությունը։ Որևէ պետության պետք չէ թույլ տրվի պատերազմների ժամանակ բնությունը դարձնել լուռ և անպաշտպան զոհ»,- շեշտեց Փեզեշքիանը։
Նա առանձնահատուկ ուշադրություն հրավիրեՑ Գազայի հատվածում տիրող իրավիճակի վրա՝ նշելով, որ հասցված էկոլոգիական վնասն այնքան խորն է, որ առաջիկա հարյուրամյակների ընթացքում այնտեղ բնական էկոլոգիական գործունեություն իրականացնելն անհնարին է դառնալու։
Խոսելով Իրանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Փեզեշքիանը նշեց, որ երկիրը, կլիմայի փոփոխության և ջրի սակավության հետ մեկտեղ, ստիպված է դիմակայել միջազգային տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներին։
«Երկիրը իրավական, տնտեսական, քաղաքական պատժամիջոցների հետևանքներն է կրում, չի կարողանում օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և ֆինանսական ռեսուրսներից։ Արդեն երկու տարի է, ինչ շարունակվում են հանցավոր պատերազմներ արգելված զենքերի կիրառմամբ՝ հաճախ դիտավորյալ նպատակ հետապնդելով ոչնչացնել շրջակա միջավայրը»,- ընդգծեց Իրանի ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան