Հարգանքի տուրք՝ Օշականի ճակատամարտում ընկածների հիշատակին

199 տարի առաջ ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների համատեղ սխրանքի շնորհիվ փրկվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։

1827 թ. պարսկական բանակը ներխուժել էր Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարել Էջմիածինը: Գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական աշխարհազորայիններով կարողացավ ճեղքել այդ պաշարումը:

Այսօր Օշականի ճակատամարտի 199-ամյակի առիթով Էջմիածնի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ձևակերպմամբ, Օշականի ճակատամարտը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության ամենակարևոր իրադարձություններից է: «Գրեթե երկու դար անց, պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր նախնիների համատեղ հաղթանակի հիշատակը պահպանվի և փոխանցվի սերունդներին՝ որպես օրինակ և բարոյական ուղենիշ»,- հավելեց նա։

Դեսպանի խոսքով, ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների համատեղ սխրանքի շնորհիվ է փրկվել հայոց հոգևոր սրբավայր Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։

Երևանում «Ռուսական տան» տնօրենի տեղակալ Անաստասիա Կուրբատովան Օշականի ճակատամարտն անվանեց հոգևոր եղբայրության խորհրդանիշ: Ի հիշատակ ճակատամարտում ընկածների՝ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականները հոգեհանգստյան կարգ կատարեցին։ Միջոցառմանը, ի թիվս այլոց, մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, Հայաստանում ՌԴ ԱԱԾ Սահմանապահ վարչության, 102-րդ ռուսական ռազմաբազայի, «Ռոսատոմի», Երևանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչները, դպրոցականներ և երիտասարդներ: Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսիա» ՀԿ-ն՝ Երևանում «Ռուսական տան» աջակցությամբ։

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment