Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

Քաղաքականություն

30.10.2026 | 22:01

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության  գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել այդ միավորման կազմում, գրում է Ինտերֆաքսը։

«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել ԹՊԿ-ի գործունեությանը՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։

«Այս երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայում Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայ՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական պետությունների, այսինքն՝ մեր կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին»,- հայտարարել է Տոկաևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment